ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) և ԲԱԼԱՏՈՆԱԼՄԱԴԻ (ՀՈՒՆԳԱՐԻԱ) ՔԱՂԱՔԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է «ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ»

Փետրվարի 27-ին Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը, Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը և Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը հանդիպեցին Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյիին և ավագանու անդամներին: Կողմերը քննարկեցին ստորագրված հուշագրի հիման վրա Սևան և Բալատոնալմադի քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Սևան համայնքն ու Բալատոնալմադի քաղաքն այսուհետ կհամագործակցեն

  • Համայնքային ծառայությունների տրամադրամն ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ կապված փորձի փոխանակման և համագործակցության առումով,
  • Անհատների և համայնքային հաստատությունների միջև շփումների ակտիվացում, այդ թվում՝ մշակութային, սպորտային-երիտասարդական, զբոսաշրջային և կրթական ոլորտներում,
  • Գործարար համաժողովների, ցուցահանդեսների, փառատոնների և այլ միջոցառուների կազմակերպման միջոցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տնտեսվարողների միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ,
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն, թափոնների կառավարում, էկոլոգիապես մաքուր արդյունաբերության զարգացում, էներգաարդյունավետությա բարձրացում, կանաչապատ տարածքների ընդլայնում և պահպանություն ոլորտներում,
  • Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման՝ այդ թվում ջրամատակարարման, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցերի բարելավման, քաղաքաշինության և ճարտարապետության, քաղաքային տրանսպորտի կառավարման և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ,
  • Ոչ ֆորմալ կրթական և մշակութային հարթակների ստեղծում և երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացման ուղղություններով:

Բալատոնալմադին հայտնի առողջարանային քաղաք է Հունգարիայի Վեսպրեմ կոմսությունում, 8500 բնակչությամբ, որը գտնվում է Բալատոն լճի հյուսիսային ափին։ Բալատոնալմադի քաղաքը Հունգարիայում հայտնի զբոսաշրջային վայր է՝ շնորհիվ իր գրավիչ աշխարհագրական դիրքի: