Գեղարքունիքի մարզում անցկացվել է առողջ ապրելակերպին նվիրված իրազեկման արշավ

Առողջապահության նախարարության «Հանրային առողջության պահպանման» ծրագրի «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» շրջանակում սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում անցկացվել է հանրային իրազեկման արշավ, որի նպատակն է զերծ մնալ վնասակար սովորություններից, հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։

Գավառում միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության և կրթության նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջոցով։

Նախաձեռնությանը միացել են «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը և «ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը»։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Համբարձում Սաֆարյանը, այլ պաշտոնյաներ։

Արշավի թիրախային խմբերն այս անգամ Գանձակի Հ 2, Գավառի Հ 5, Գավառի Հ 8, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի դպրոցականներն էին, որոնց ուղեկցել են ծնողներ, ուսուցիչներ, համայնքի բնակիչներ։

Արշավին ներգրավվել են մեկական ատամնաբույժ, թերապևտ, մանկաբույժ և դպրոցի բուժքույր` սքրինինգային և առողջ ապրելակերպի քարոզչական աշխատանքներին մասնակցելու համար։

Ներկաներին ողջունել է Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը և ընդգծել իրազեկման արշավի կարևորությունը ոչ միայն նման միջոցառումների կազմակերպմամբ այլ նաև առօրյա կյանքում։

Իրազեկման արշավին ուղղված միջոցառումն անցկացվել է Գավառ համայնքի զբոսայգու տարածքում, իսկ քայլերթը մեկնարկել է Գավառի բժշկական քոլեջի հարակից տարածքից, որի ընթացքում մասնակիցները անցել են առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով։

Քայլարշավին հաջորդել են միջդպրոցական էստաֆետային խաղերը 5-7 և 8-10 րդ դասարանցիների միջև, որից հետո բացվել են դպրոցականների ուժերով ներկայացված առողջ սննդին նվիրված տաղավարները։

Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ, առողջ ապրելու կանոններին վերաբերող տեղեկատվություն և իրազեկման թերթիկներ։

Միջոցառումը եզրափակվել է խմբային պարերի և դրանց ուսուցման, մասնակից դպրոցների կողմից տեղեկատվական պաստառների ներկայացման, միջդպրոցական էստաֆետային խաղերի մրցանակաբաշխության միջոցով։