Զովաբեր բնակավայր

Զովաբեր բնակավայրը տարածված է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում, Հրազդան գետի վերին հոսանքի աջ ու ձախ ափերին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1890 մ բարձրության վրա:


Կլիման չափավոր ցամաքային է, երկրագործության համար ոչ այնքան նպաստավոր։ Բնակավայրի լանդշաֆտին բնորոշ են բարձրադիր սարահարթները, էրոզիայի ենթարկված ուղղաձիգ լեռնալանջերը ոչ շատ խոր ձորակներով, որոնցով ջուր է հոսում միայն ձնհալի ու հորդառատ անձրևների ժամանակ։


Չնայած բազալտ քարի առատությանը, գյուղացիներն այն որպես շինաքար գրեթե չեն օգտագործում խիստ կարծր, դժվար մշակելի, ծանր ու հողմահարված լինելու պատճառով։
Բնակավայրը մարզկենտրոնից գտնվում է 54 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից՝ 83 կմ: Բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ 1594 մարդ է: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։


Զովաբեր (նշանակությունը՝ զով բերող) գյուղի մասին մատենագրական վկայություններ առկա չեն, սակայն հետքերը տանում են միջնադար և ավելի ուշ շրջան: Գյուղի մասին տեղեկություններ է հաղորդում Սիմեոն Երևանցի կաթողիկոսը: Համաձայն այդ տեղեկությունների՝ գյուղն ընդգրկված է եղել Երևանի երկրի Ծաղկունյաց նահանգի կազմում:


Այնուետև գյուղը մինչև 19-րդ դարի սկիզբը շարունակում է մնալ որպես եկեղեցական կալվածք: Գյուղի պատմության նոր փուլը սկսվում է 1828 թվականին, երբ Երևանի խանության տարածքն անցավ Ռուսական կայսրությանը, և հնարավորություն ստեղծվեց Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից ներգաղթ կազմակերպել:


Այդ ժամանակ 55 ընտանիք այստեղ է ներգաղթել Պարսկաստանի Մակու գավառից և Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ և Ալաշկերտ քաղաքներից: Խորհրդային շրջանում գյուղն ընդգրկվել է Սևանի շրջանի կազմում:


1996 թվականին գյուղը ստացել է համայնքի կարգավիճակ, 2022 թվականին միավորվել է Սևան համայնքին՝ բնակավայրի կարգավիճակով: Բնակավայրում գործում են միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարանի մասնաճյուղ, Հայփոստի բաժանմունք, Կանանց ռեսուրս կենտրոն, առկա է մշակույթի տուն:


Բնակավայրում հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն են:
Անասնապահության ոլորտում տնտեսությունները առավելապես մասնագիտացված են կաթնային և կաթնամսային տավարաբուծությամբ, որոշ տնտեսություններ’ զբաղվում են նաև ոչխարաբուծությամբ: Բնակավայրում գործում է խոզաբուծական ֆերմա:


Դաշտավարության ոլորտում հիմնականում մշակվում է հացահատիկ, բազմամյա խոտ և կարտոֆիլ: Հիմնականում մշակում են կարտոֆիլ, լոբի, կաղամբ, վարունգ։ Բնակավայրում է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 1871թվականին:


Տարիների ընթացքում եկեղեցու բակում տեղադրվել են տասնյակ խաչքարեր, որոնք իրենց վրա ունեն փորագրություններ և գրառումներ: Եկեղեցու բեմի փայտյա կամարը իր զարդաքանդակներով և սրբապատկերներով , որոնց վառ գույները մինչև այժմ պահպանվել են, արվեստի աչքի ընկնող գործ է:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին ունի շատ աղոթագրքեր, ավետարաններ, խաչեր, կրոնական արարողության սպասքներ, կնիք ու կրոնավորի հագուստ, այլ մասունքներ:
Այս ամենի մեջ արժեքավոր է «Ճաշոց» անունը կրող հաստափոր գիրքը: Բնակավայրի սրբավայրերից են նաև մատուռները, հայտնի են Սուրբ Սանդուխտ, Թուխ մանուկ և Հագենց մատուռները, որոնք կանգուն են մինչև օրս: