Ծաղկունք բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա՝ փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին:

1828 թվականը համարվում է Ծաղկունք գյուղի հիմնադրման պաշտոնական տարեթիվ, երբ Պարսկաստանի Մակու քաղաքից այստեղ են գաղթել 17 ընտանիք, ինչպես նաև ընտանիքներ Խոյից և Վանից:

Գյուղը, որի հին անունը, ըստ երևույթին, հենց Ծաղկունք է եղել, մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառի մեջ, իսկ ավելի ուշ՝ Պարսկական տիրապետության ժամանակ ընդգրկված էր Երևանի խանության Գեղարքունիքի շրջանի Ծաղկունյաց նահանգի կազմում:

Գյուղի պատմության նոր փուլն սկսվում է 1828 թվականին, երբ Երևանի խանության տարածքն անցավ Ռուսական կայսրությանը:

Խորհրդային շրջանում գյուղն ընդգրկվել է Սևանի շրջանի կազմում:
1996 թվականին դարձել է առանձին համայնք, իսկ 2022 թվականին ընդգրկվել է Սևան միավորված համայնքի կազմում:

Ծաղկունք բնակավայրի կլիմայական պայմանները փոփոխական են՝ կախված ռելիեֆային գոտիներից, զով ամառ, և չափավոր ցուրտ ձմեռներով:

Ցուրտ օրերը այս գոտում հիմնականում սկսվում են նոյեմբերի առաջին տասնօրյակից և ձգվում մինչև ապրիլի առաջին կեսը:
Բնակչության թվաքանակը 2025 թվականի հունվարի 1-ի 1049 է: Բնակչության հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է:

Բնակավայրի հեռավորությունը Երևանից 60կմ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 40 կմ:
Բնակավայրում գործում են դպրոց, նախադպրոցական այլընտրանքային ծառայություն, ԲՄԿ:
«Դար» հիմնադրամի միջոցներով 2007 թվականին շահագործման է հանձնվել Ծաղկունքի բաց դպրոցը:
Բնակավայրն աչքի է ընկնում զբոսաշրջային գրավչություններով և ենթակառուցվածքներով (հյուրատներ, գլխատուն, ռեստորաններ), որոնց շնորհիվ վերջին տարիներին ավելացել են զբոսաշրջային հոսքերը:

Սուրբ Սարգիս մատուռը գտնվում է գյուղից 0,5 կմ արևելյան բլրի վրա, թվագրվում է 7-19 դդ:
Սուրբ Հովհաննես մատուռը կառուցվել է 10-13-րդ դարերում, գտնվում է գյուղի հյուսիսային մասում՝ բլրի գագաթին, ավերված է:

Թաք խաչը կառուցվել է 12-13-րդ դարերում, գտնվում է Ծաղկունք-Դդմաշեն տանող ճանապարհի ձախակողմյան մասում:
Սուրբ Հարություն եկեղեցին 19-րդ դար գտնվում է գյուղի կենտրոնական մասում, որի տարածքում կան 5-9-րդ դարերի խաչքարեր և գերեզմանաքարեր: Կառուցման մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել: Եկեղեցին ունեցել է գմբեթավոր զանգակատուն: Փլված եկեղեցին վերանորոգել են առանց զանգակատան:

Ծաղկեվանք մատուռը ավերված է, գտնվում է գյուղի հարավային մասում: 1940թ. մատուռը քանդվել է, ներկայումս տանիքը պատված է ազբոթիթեղով: