Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:
Մայիսի 16-ին Սևանի Բիզնես կենտրոնում անցկացվեց դպրոցական լիգա նվիրված ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան։
Նախքան դպրոցական լիգայի մեկնարկը՝ Սևանի N4 հիմնական դպրոցի սաները ներկայացրին «Կայուն էներգիա, Առողջ երկիր» խորագրով «Բնության դատը» բեմականացումը՝ շեշտադրում կատարելով շրջակա միջավայրի խնդիրների և դրանց հետևանքների վրա։ Մեղադրյալի կարգավիճակում էին հայտնվել նավթը, գազը և ածուխը։
Դատի ընթացքում հնչեցին մեղադրանքներ մարդկանց կողմից բնության նկատմամբ անխնա և անփույթ վերաբերմունքի, անտառահատումների, օդի աղտոտման և էներգիայի ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ։
Դատավճիռը կայացված է՝ մարդիկ պետք է խելամիտ օգտագործեն էներգիան, խնայեն բնական ռեսուրսները և գիտակցեն, որ Երկիրը միայն մերը չէ, այլ նաև ապագա սերունդներինն է:
Վճիռն էլ կայացվեց հոգուտ մաքուր էներգիայի և առողջ Մոլորակի, որը ենթակա չէ բողոքարկման:
Դպրոցական լիգայի շրջանակներում իրենց կատարած աշխատանքներով միմյանց հետ մրցեցին Սևանի Խ․ Աբովյանի անվան ավագ, Սևանի Մ․ Մաշտոցի անվան N1 հիմնական, Սևանի Վլ․ Կարապետյանի անվան N3 հիմնական և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։
Դպրոցական լիգային մասնակից դպրոցների թիմերի բոլոր աշխատանքները ժյուրին կգնահատի և կխրախուսի։
Սևան համայնքը, ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին միացել է 2020 թվականի հունիսին և մշտապես ակտիվ մասնակցություն ունեցել ծրագրի շրջանակներում իրականացված ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներին, հայտարարված մրցույթերին ու սեմինարներին:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:
Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները։
