«Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածում նախատեսվում է կառուցել 2.8 կմ երկարությամբ ճեմուղի։

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի` մարտի 6-ին Սևան քաղաքի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Արխիտոն» ՍՊԸ-ի՝ ««Սևան» ազգային պարկ» «Հարսնաքար» — Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու նախագծի»՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը:

Հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, Սևան ազգային պարկի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի ոլորտի պատասխանատուներ, Սևանի և  հարակից բնակավայրերի բնակիչներ, տնտեսվարողներ, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների ներկայացուցիչներ և մասնագետներ։

Եղան ծրագրին և՛ դեմ, և՛ կողմ արտահայտվողներ։

Ճեմուղու կառուցման երկրորդ հանրային լսումը կայացավ։ Առաջիկայում կքննարկվեն ներկայացված առաջարկությունները։ Հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները կարող են ներկայացվել նաև գրավոր՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ (հասցե՝ ք. Երևան, Բյուզանդի 1/3): Դրանք դարձյալ կքննարկվեն և կներկայացվեն հաջորդ հանրային լսումների ժամանակ։