Առանց թափոնների համաշխարհային օրվան ընդառաջ: Մարտի 30-ը Առանց թափոնների համաշխարհային օրն է:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2022թ-ից մարտի 30-ը հռչակել է Առանց թափոնների համաշխարհային օր, այդ օրը դարձյալ հռչակելով զրոյական թափոնների միջազգային օր, որը նպատակ ունի խթանելու թափոնների կառավարման և վերամշակման կարևորությունը: Առանց թափոնների համաշխարհային օրվան ընդառաջ՝ մարտի 28-ին Սևան քաղաքի դպրոցականները «Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց»-ում՝ մասնակցեցին ինտերակտիվ սեմինարի, որտեղ միասին քննարկեցին առանց թափոն (Zero Waste) մոտեցումը, թե  ինչպե՞ս է հնարավոր նվազեցնել թափոնների քանակը մեր առօրյայում, թափոնների տեսակավորումը և վերամշակումը՝ ինչու՞ է կարևոր երկրորդ կյանք տալ վերամշակելի նյութերին, շրջանաձև տնտեսությունն ու էկոլոգիական պատասխանատվությունը՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր սպառումն ավելի գիտակցված լինի, ֆասթ ֆեշնը՝ ինչպես է այն ազդում մեր մոլորակի վրա, և ի՞նչ լուծումներ կարող ենք առաջարկել։ Դպրոցականները տեսակավորման ուսուցում ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանի հետ քննարկեցին այս բոլոր հարցերը:

Սևան քաղաքում շուտով կներդրվի թափոնների տեսակավորում: Փորձագետ Էմիլ Մկրտչյանի հետ դպրոցականները քննարկեցին, թե ինչքան կարևոր է գիտակցել և գործել՝ մեր մոլորակը ավելի մաքուր և կայուն դարձնելու համար:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող, Շրջակա միջավայրի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում և Սևանի համայնքապետարանի օժանդակությամբ։