Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված Սևանի Վ․ Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը։

1956թ–ին ընդամենը 19 աշակերտով և 1 ուսուցչով հիմնադրվեց Սևանի երաժշտական դպրոցը։

Այս դպրոցը դառնալու է ցանկալի ու սպասված վայր ոչ միայն երաժշտական հմտությունների ու կարողությունների ձեռք բերման, այլ նաև երաժշտական հանդիպումների, համերգային ծրագրերի լավագույն հարթակ։

————

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվել է Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքը: Իր հերթին, Կառավարությունը դպրոցը համալրել է նոր երաժշտական գործիքներով և գույքով:

—————

Ի ուրախություն սևանցիների, իրողություն դարձավ համայնքի համար առաջնահերթություն դարձած կարևորագույն ծրագրերից մեկը, որի շնորհիվ 2025-2026 ուսումնական տարին Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները ոտք կդնեն ժամանակակից չափորոշիչներին համապատասխան երաժշտական հաստատություն:

Հուլիսի 13–ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված Սևանի Վ․ Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

–––

Երաժշտական դպրոցի նորակառույց շենքի բացմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ–ում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Ֆրանսիայի կոմիտեի կազմակերպության ներկայացուցիչներ, համայնքային և պետական իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները։

Կառավարության ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նվիրատու ընտանիքներին, նրանց ներկայացուցիչներին, Հայաստան համահայկական հիմնադրամին և հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակին։ Վարչապետի խոսքով՝ դպրոցի կառուցման ծրագիրը Կառավարության և սփյուռքի գործակցության տիպային օրինակ է: Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ կառավարության ատեստավորման ծրագրի շնորհիվ երաժշտական դպրոցի մի շարք ուսուցիչների աշխատավարձերն էականորեն բարձրացել են:

Վարչապետը կարևորել է երեխաներին ուղղված Կառավարության ուղերձը, թե ինչի համար է կրթությունը, կրթության ոլորտում կապիտալ ներդրումներն ու կրթվելու պատշաճ պայմաններ ստեղծելը կարևոր և առանցքային։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան է միտված «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որի շուրջ կոնկրետացել են կառավարության ռազմավարական պատկերացումները:

Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է ՀՀ կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող է օգտվել մոտ 230 աշակերտ։ Այն ապահովված է ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման հակահրդեհային օդափոխության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ժամանակակից համակարգերով։ Դպրոցն ունի 102 տեղանոց համերգասրահ, 23 դասարննար։ Իրականացվել են նաև տարածքի ցանկապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, վարչապետի հանձնարարականով որպես առաջնահերթություն ասֆալտապատվել ու բարեկարգվել է դպրոց տանող ճանապարհը։

——

Դպրոցի համերգասրահն անվանակոչվեց ֆրանսահայ բարերար Էդուարդ Մանուկյանի անունով։

Մեծ է Սևանի երաժշտական դպրոցի կառուցման մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանի ներդրումը, ով հայտնեց, որ ծրագիրն իրականություն դարձավ Ֆրանսահայ բարերարներ Ալբերտ և Անտուան Ներսեսյան եղբայրների թողած ժառանգության, ինչպես նաև Ժընըվիև Կոնսուլյանի նվիրատվության շնորհիվ։

Սևան համայնքի ավագանու որոշմամբ ֆրանսահայ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը «Սևան համայնքի Վ․ Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ–ի նոր շենքի կառուցման գործում ունեցած ակնառու ներդրման, համայնքի մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար արժանացավ «Սևան քաղաքի պատվավոր քաղաքացի կոչմանը»։ Պետրոս Թերզյանին Սևան քաղաքի պատվավոր քաղաքացու վկայականը հանձնեց Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ով կատարված աշխատանքի և հաջողված համագործակցության համար իր, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Սևանի բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց Հայաստան համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Ֆրանսիայի կոմիտեի կազմակերպության ներկայացուցիչներին, բոլոր բարերարներին, շինարարներին, ինչպես նաև ՀՀ կառավարությանը՝ դպրոցին նոր երաժշտական գործիքներով և գույքով ապահովելու համար։

Երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը իրողություն դարձավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Երաժշտական դպրոցի նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի մայիս ամսից, և երկու տարի անց արձանագրում ենք, որ շնորհիվ լավագույն գործընկերների Սևանն ստանում է անգնահատելի նվեր:

Սևան համայնքը` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, հայտնում է իր շնորհակալությունն ու երախտագիտությունը Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, աշխատակազմին, բարերարներին, ՀՀ կառավարությանը, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ ևս մեկ համայնքապահպան ու համայնքաշեն ծրագիր դարձնել իրողություն:

Նույն օր Հայաստան համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Ֆրանսիայի կոմիտեի կազմակերպության ներկայացուցիչներն ունկնդրեցին Սևանի երժշտական դպրոցի առաջին համերգը նոր ու գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան շենքի համերգասրահում։