Հուլիսի 8–ին Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ՝ նվիրված Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, տասնյակ մասնագիտական գրքերի և հոդվածների հեղինակ, գեղարվեստական գրքերի խմբագիր Սուսաննա Խաչիկի Ղարիբյանին։

———

Միջոցառումը կազմակերպել էր Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանը՝ Սևանի համայնքապետարանի աջակցությամբ։ Նախաձենության հեղինակները Սուսաննա Ղարիբյանի քույրերն էին։ Նպատակը՝ Սուսաննա Ղարիբյանի գիտական, մանկավարժական գործունեւթյունն ու նրա մարդկային արժեքները հանրայնացնելն էր։

Հուլիսի 8–ին Սուսաննա Ղարիբյանի և իր քրոջ՝ Լուսինե Ղարիբյանի ծննդյան օրն էր նաև։
Միջոցառմանը ներկա էին մանկավարժներ, Սուսաննա Ղարիբյանի հարազատներն ու ուսանողներն, ովքեր հարգանքի, սիրո ու գնահատանքի, ինչպես նաև շնորհավորանքի խոսքեր հղեցին հոբելյարին։






————
Սուսաննա Ղարիբյանը գերազանցությամբ սովորել և ավարտել է Սևանի թիվ 7 միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Երևանի պետական համլսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը:


Մասնագիտությամբ բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ:


2007 թ. Պաշտպանելով ատենախոսությունը, ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012թ-ից առ այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ է:
Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես ուսուցիչ, բայց նրա կոչումը դասախոս լինելն է։ Սուսաննա Ղարիբյանը անչափ սիրում է իր գործը, այն կատարում է մեծ պատասխանատվությամբ։ 2011-2017թթ-ին դասախոսական աշխատանքին զուգահեռ աշխատել է որպես դեկանի տեղակալ: Համատեղությամբ աշխատել է նաև Սևանի, Եղեգնաձորի, Գավառի և Մոնթե Մելքոնյանի անվան համալսարաններում։

Սուսաննա Ղարիբյանը 2015թ-ից մասնակցել է, մի շարք վերապատրաստումների` ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման, մեդիագրագիտության դասընթացների:

Այնուհետև ինքն է անցկացրել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։
Սուսաննա Ղարիբյանի գիտական հոդվածները տպագրվել են «Լեզու և կրթություն», «Հայագիտական հանդես», «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածուներում և ամսագրերում, բազմաթիվ ուսումնամեթոդական նյութերի հեղինակ է։

Սուսաննա Ղարիբյանը ոչ միայն մասնագիտական գրքերի հեղինակ է, այլև խմբագրել է բազմաթիվ մասնագիտական և գեղարվեստական գրքեր։
Դրանք են՝ «Նյութական խոսքի մասերի փոխանցումը սպասարկու բառերի», «Ժամանակակից հայերենի կապերը և նրանց ուսուցումը», «Ժամանակակից հայոց լեզու /Բառագիտություն/ առարկայի ուսումնամեթոդական փաթեթ», «Արևմտահայերենի չթեքվող խոսքի մասերը և նրանց ուսուցումը», «Գրական արևմտահայերենի ձեռնարկ»:
Այս գրքերը կարող են նաև լավ հիմք ծառայել ուսուցիչների համար՝ իրենց դասապրոցեսում խորացված գիտելիքներ ներդնելու գործում։
Սուսաննա Ղարիբյանը խմբագրել է բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Յուրի Դավթյանի, ՀՊՄՀ պարային բաժնի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանի, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գայանե Խալաթյանի և Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մկրտչյանի գրքերը։
Խմբագրած գրքերի մեծամասնությունը՝ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, արվեստագետ, ժուռնալիստների միջազգային միության անդամ, արձակագիր, բանաստեղծ Ռոբերտ Հարությունյանի գրքերն են, որոնք տարաբնույթ են, տարաժանր և տարբեր լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Դրանք են՝ «Երկնկաթ օբսիդիան», «Հիշողության տիրույթում», «Աստիճանավանդակ», բանաստեղծությունների ժողովածուներ` «Սիրո և ներդաշնակության փիլիսոփայություն» /Հայերեն/, «Я, ты, мы и наша жизнь» /ռուսերեն/, կարճ պատմվածքներ և էսսեներ՝ «Մենք բոլորս մի ծառի պտուղ ենք», «Հումորային մանրապատումներ», աֆորիզմների ժողովածու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/: