Սևանի գրադարանում տեղի ունեցավ «Գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել» խորագրով մեծարման երեկո՝ նվիրված ծնունդով լճաշենցի բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանին։

https://youtu.be/xEIdbNezKYc

Հունիսի 27–ին Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել» խորագրով մեծարման ցերեկույթ՝ նվիրված ծնունդով լճաշենցի (Հովեյ Խաչոյի թոռը՝ Հովեյ Հրանտի որդին), այժմ բուժման նպատակով Ֆրանսիայում բնակվող, բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանին։

Միջոցառմանը հրավիրված և ներկա էին  մտավորականներ, մշակութային գործիչներ, գրադարանային ոլորտի աշխատակիցներ:

Մեծարման ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Անատոլի Հովհաննիսյանի անցած ուղին՝ որպես մարդ և ստեղծագործող, նրա պոեիզան, տեսլականը և այն գրական ուղին, որով անցել է։ Ներկաները ունկնդրեցին հեղինակի խոսքը ուղղված միջոցառման մասնակիցներին, լսեցին նրա բանաստեղծություններն ու հարցարզրույցներից հատվածներ։

Անատոլի Հովհաննիսյանը, հիրավի, բացառիկ, հետաքրքիր, տաղանդավոր բանաստեղծ է, որի պոեզիան առանց ավելորդ բառերի ու գունազարդ մտքերի մարդու սրտին ու հոգուն շատ բան է ասում։

Ներկաներն իրենց հարգանքի, սիրո ու գնահատանքի խոսքը հղեցին մի մարդու, որի գրական ընթացքն իրապես ապացուցել է, որ ճշմարիտ ուժը աղմկոտ չէ, իսկ իսկական մեծությունը խոսում է սրտով։

Բանաստեղծի ստեղծագործությունների մասին իրենց  տպավորություններով և գովեստի խոսքերով կիսվեցին բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արա Առաքելյանը, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային կառույցի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, վաստակաշատ ուսուցիչ Անահիտ Ավետիսյանը, Դդմաշենի Գրադարանի տնօրեն Ֆլորա Գրիգորյանը, Սևանի Վահե Ստեփանյանի անվան գրադարանի տնօրեն Ֆրունզե Հարությունյանը, երիտասարդ ստեղծագործող Արաքս Մնացականյանը, ինչպես նաև առաջին անգամ Սևանի գրադարան այցելած Երևանի Էրեբունի վարչական շրջանի N11 գրադարանի տնօրեն Քրիստինե Թումաղյանը։

Անատոլի Հովհաննիսյանը ծնվել է 1957 թվականին Լճաշենում։

1981թ–ից տպագրվում է հանրապետական մամուլում։

Սկզբում հեղինակել է չորս բանաստեղծական շարք՝ «Տաք երկիր» 2000թ․, «Հաելի» 2010թ․, «Из  глубины  молчания» 2011թ․, «Ֆրանսիական նամականի» 2015թ․։

Այնուհետև 2021թ–ին լույս է տեսնում նրա «Գնում եմ մեռնեմ» բանաստեղծությունների ժողովածուն։  2025թ–ին լույս է տեսել Անատոլի Հովհաննիսյանի «Սա էլ եմ ես» հարցազրույցների, հոդվածների և այլ գրությունների ժողովածուն։

Եվ, որպեսզի այս գեղեցիկ օրը մնար ներկաների հուշերում, միջոցառման վերջում բոլոր ներկաներին բաժանվեցին Սևանի գրադարանի ստեղծագործական խմբի կողմից պատրաստած խորհրդանշական հուշաթերթիկներ, որոնցում տեղ էին գտել Անատոլի Հովհաննիսյանի բանաստեղծություններից և հոդվածներից հատվածներ և Սևանի գրադարանի կողմից՝ շնորհակալական խոսքեր միջոցառմանը մասնակցելու համար։

Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանին նվիրված մեծարման ցերեկույթը կազմակերպել էին Սևանի Վահե Ստեփանյանի անվան գրադարանի աշխատակիցները։

Միջոցառման հաղորդավարն էր գրադարանավարուհի Էմմի Հարությունյանը, տեխնիկական մասն ապահովեց գրադարանավարուհի Արմինե Հովհաննիսյանը։

Մեծարման երեկոյի կազմակերպման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել լճաշենցի ճարտարապետ Հայկ Թարփոշյանը։

Սևանի գրադարանային ֆոնդը համալրվեց լճաշենցի բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հեղինակած նոր գրականությամբ, որին ավելացավ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային կառույցի նախագահ Տիգրան Նիկողոսյանի այդ օրը գրադարանին նվիրած նոր գիրքը ևս։