Հունիսի 21–ից 22–ը Գավառում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը։

Գավառում հունիսի 21–ից մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։

Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա խորագիրն է՝ «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ»։

Փառատոնի մեկնարկին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ու Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նա շրջել է տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։

💬Իր ելույթում նախարարը կարևորել է փառատոնի անցկացումը Գավառում՝ ընդգծելով, որ անցյալ տարի Գավառը ՀՀ երիտասարդական մայրաքաղաքն էր և արդեն ապացուցել է՝ այստեղ երիտասարդության շունչն ու էներգիան անսպառ են, և այս փառատոնի գաղափարը լիովին ներդաշնակ է երիտասարդների ստեղծագործ մտքին։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակութային ժառանգության մասին խոսելիս հաճախ պատկերացնում ենք միայն նյութական արժեքները՝ հուշարձաններ, պատմամշակութային կառույցներ, սակայն ոչ նյութական մշակութային ժառանգությունը նույնքան կարևոր է։

💬«Այսպիսի փառատոները հնարավորություն են տալիս խտացված տեսքով նկատել այն ամենը, ինչ իրականում ապրում է մեր առօրյայում։ Մենք կրում ենք զարդեր, օգտվում ենք որոշակի առարկաներից, խոհանոցում պատրաստում ենք ուտեստներ, որոնց հիմնական մասը նույնպես մշակութային ժառանգություն է», – ասել է նախարարը՝ շեշտելով ազգային խոհանոցի պահպանման և զարգացման կարևորությունը։ Նա առանձնահատուկ ընդգծել է վարպետների դերը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներ՝ նշելով, որ ոչ նյութական ժառանգությունը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են ստեղծագործել և այն վերստեղծել։

💬«Ուզում եմ, որ մեր շնորհակալությունը փոխանցենք բոլոր վարպետներին՝ հրաշալի աշխատանքների և ստեղծագործ մտքի համար», – շեշտել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանին՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման և հանրային իրազեկման ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքի համար։

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև «Խնոցի-հարոցի» խոհարարական մրցույթը, որի արդյունքներով՝

🔸«Լավագույն մատուցում» անվանակարգում հաղթել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը

🔸«Լավագույն համ» անվանակարգում՝ Վարդենիսի պետական Բադեյան քոլեջը

🔸«Լավագույն մտահղացում» մրցանակը շնորհվել է Հայ-հունական պետական քոլեջին։

Արհեստների փառատոնը կշարունակվի նաև հունիսի 22-ին։

Փառատոնի առաջին օրը հյուրերին կհիացնի Ethno Colors երաժշտական խումբը, իսկ երկրորդ օրը կկայանա Սևանի «Գամմա» բենդի համերգը։

ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն

Սևանը ներկայացավ իր բնապահպանություն, էկոարվեստ թեմայով տաղավարով։