Օգոստոսի 28-ին Սևանի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողների և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն։
Մասնակիցները ծրագրի կողմից արժանացան խորհրդանշական նվերների՝ կտորից պատրաստված պայուսակեր, որոնք պարունակում են լանչբոքս, բաժակ և ծրագրի տեղեկատվական նյութեր։
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար, նշեց, որ Սևան համայնքը Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանը միացել է 2020-ին։ Տարիների ընթացքում ընդլայնվել է ոչ միայն համայնքում ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան մասնակցող բնակավայրերի աշխարհագրությունը, այլև միջոցառումների որակը, թիվը և նորարարությունը։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, ներկայացնելով ծրագրի նպատակներն ու գործողությունները, նշեց, որ նախաձեռնության նպատակն է օգնել համայնքներին, որպեսզի մշակեն և իրականացնեն կայուն զարգացման գործողություններ, որոնք թույլ են տալիս ապահովել համայնքների կայուն զարգացումը, հասնել էներգետիկ ռեսուրսների խնայողության և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման։
Արտեմ Խարազյանն ուրախությամբ հայտնեց, որ այս տարի ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան միացել են ՀՀ 15 համայնքներ և կազմակերպել ավելի քան 210 միջոցառումներ, որոնք 70-ով ավելի են նախորդ տարի կազմակերպված միջոցառումներից։ Նա ընդգծեց, որ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Սևանն իր կազմակերպած միջոցառումների թվով և որակով առաջատարն է։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 9-11-ը՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։
Սևան համայնքը «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2026»-ի ընթացքում իրականացրել է 33 միջոցառում՝ վիկտորինա, բուկլետի պատրաստում, սպորտլանդիա, դպրոցական լիգա, կոլաժի պատրաստում, վարպետաց դասեր, իրազեկման արշավներ, քննարկումներ, նկարչական, լուսանկարչական, թեմատիկ տեսանյութերի մրցույթներ, պաստառների պատրաստում, որմնանկարի էսքիզ, թեմատիկ մոդելների պատրաստում և այլն, որոնց մասնակցել է շուրջ 4000 անձ։
