Ավարտին են հասցվել Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի բեմի հիմնանորոգման աշխատանքները:
Հաջորդիվ դահլիճը կհագենա նոր գույքով և և ժամանակակից տեխնիկայով։
Սևան համայնքի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության արդյունավետ համագործակցության ևս մեկ տեսանելի ծրագրի արդյունքում մշակույթի պալատի դահլիճը հանդիսատեսին, հյուրերին, այցելուներին կներկայանա նոր շնչով ու հանդերձանքով:
Այս նախաձեռնությունն իրողություն է դարձել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` GIZ-ի կողմից, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:
GIZ-ը համագործակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հանրային ոլորտի նորարարության օբսերվատորիայի հետ՝ Հայաստանում քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծումը խթանելու նպատակով։
Դեռևս 2024 թվականից Սևան համայնքի ներկայացուցիչները, ի թիվս 10 համայնքի ներկայացուցիչների, մասնակցել են աշխատաժողովներին, որոնց ընթացքում ծանոթացել են համապատասխան մեթոդաբանությանը՝ իրենց համայնքներում առկա մարտահրավերների ուղղությամբ համատեղ աշխատելու համար:
Աշխատաժողովների ընթացքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքներն օգնել են և նպաստել տեղային հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքներին՝ ուղղված բնակչության կարիքներին ավելի լավ արձագանքմանը և տեղական ծառայությունների որակի բարելավմանը։
Հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքների առաջին արդյունքը մշակույթի պալատի բեմի վերանորոգումն է, կահավորումը, տեխնիկական վերազինումը, որը նոր շունչ ու բովանդակություն է հաղորդելու Սևան համայնքի մշակութային կյանքին, միաժամանակ ավելացնելու է համայնքապահպան ծրագրերի ցանկը:
