ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 34-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ, Սևան համայնքի հարգելի բնակիչներ

Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի նվիրական տոնի՝ Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:

Հայոց բանակի ստեղծումը մեր նորագույն պատմության լրջագույն ձեռքբերումներից է, մեր պետականության կարևորագույն նվաճումը: Այն ստեղծվեց հազարավոր հայորդիների կամքի, անձնազոհության ու նվիրումի շնորհիվ, անցավ փորձություններով լի ճանապարհ, սրբագործվեց հայորդիների հերոսացմամբ:

Հայոց բանակն ազգային միասնականության խորհրդանիշն է, որը դարձել է պատասխանատու, հայրենասեր քաղաքացու դաստիարակման դարբնոց:

Բանակը մեր անցաթուղթն է և լինելության վավերագրերից մեկը: Երեքտասնամյակից ավելի Հայոց բանակը դարձել է մեզանից յուրաքանչյուրի անբաժանելի մասը, մեր հպարտության և արժանապատվության երաշխավորը:

2020թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում էլ Հայոց բանակին զինվորագրված 18-20 տարեկան մեր տղաները, ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնող սպաներն ու հրամանատարները կրեցին պատերազմի ողջ ծանրությունը։

Սևան համայնքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով դեպի անմահություն ճանապարհեց հերոսներին, Հայոց բանակին հավերժ զինվորագրված մեր սուրբ նահատակներին:

Հավերժ փառք և խոնարհում մեր լուսավոր տղաների հիշատակի առաջ:

Բանակը կենդանի օրգանիզմ է` իր առանձնահատկություններով և պահանջներով, ու յուրաքանչյուր զինվոր ոչ միայն հայրենիքի պաշտպանն է, այլ, նախևառաջ, ազգային անվտանգության, մեր կայուն ներկայի, ապագայի երաշխավորը:

2026 թվականի հունվարի 12-ին Սևան համայնքում մեկնարկել և այս օրերին շարունակվում է ձմեռային զորակոչը, և սևանցիները մեծագույն հպարտությամբ, բարեմաղթանքի խոսքերով և օրհնանքներով բանակ են ճանապարհում իրենց որդիներին, որոնք արդեն ծառայելու են մեկուկես տարի:

Հարգելի հայրենակիցներ

Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի առթիվ:

Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ հայ զինվորին, նրան, որն օրեր առաջ է համալրել Հայոց բանակի շարքերը` իր հետ տանելով մեր բարեմաղթանքներն ու օրհնանքները, նրան, որն արդեն հաղթահարել է բանակային կյանքի բոլոր դժվարությունները և հպարտորեն է կրում իր կոչումը, նրանց, որոնք իրենց երկամյա ծառայությունը պատվով կատարած վերադարձել են կամ օրեր անց կվերադառնան տուն:

Շնորհավորում եմ բանակաշինության պատասխանատու գործի ակունքներում կանգնած և Հայաստանի զինված ուժերում իրենց կենսագրությունը գրող անձանց, սպային ու հրամանատարին` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Շնորհավորում եմ զինվորների ծնողներին ու հարազատներին` մաղթելով համբերություն, հոգեկան խաղաղություն:

Հայրենիքը մեր սիրո ու ուշադրության կարիքն ունի, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականն էլ պետք է դառնա յուրաքանչյուրիս հայրենանվեր աշխատանքի առանցքը, մեր համախմբումն ու միասնությունը պետք է ուժ տան հայոց բանակին` այն դարձնելով առավել ուժեղ ու կայացած:

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի համար կարևորագույն այս տոնի կապակցությամբ:

Փառք Հայոց բանակին, բանակաշինության նվիրյալներին և զինծառայողներին:

Աստված պահապան մեր բանակին, հայ ժողովրդին: