Հարգարժան ուսուցիչներ
Կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Ակնածանքով և երախտագիտության մեծ զգացումով շնորհավորում եմ Ձեզ` մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Տոնը պատեհ առիթ է՝ միավորելու մեր զգացողությունները, հղելու շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, կրկին կարևորելու դպրոցապահպան գործի նվիրյալների դերը քաղաքացու ու անհատի ձևավորման գործում:
Ինչքան էլ հարափոփոխ լինի կյանքը, զարգանան տեխնոլոգիաները, միևնույն է, դպրոցի սյուները եղել և մնում են ուսուցիչները, որոնց դերը առաջնահերթ է ու գերակա:
Անշուշտ, ուսուցչի աշխատանքի լավագույն գնահատականը տալիս են սաները, որոնք իրենց գիտելիքներով և իմացությամբ քննություն են բռնում կյանքում:
Ամենակարևոր դասն էլ, որ մեր մանկավարժները տվել ու տալիս են իրենց սաներին, հայրենապաշտության և հայրենասիրության դասերն են, որոնք մեր մեջ կրում և որոնցով առաջնորդվում ենք ողջ կյանքի ընթացքում:
Ուսուցչի օրը չի սահմանափակվում հոկտեմբերի 5-ով. յուրաքանչյուր բացվող օր դպրոց ու դասարան մտնող աշակերտին դիմավորող ուսուցիչները, որոնք դպրոց պահող ու լավագույն ավանդույթներ շարունակողներն են, ապացուցում են այն պարզ ճշմարտությունը, որ բոլոր ճանապարհներն անցնում են դպրոցով և յուրաքանչյուրի ուղեկիցն են իրենք:
Ուսուցչի աշխատանքն առաքելություն է և մեծ պատասխանատվություն: Կիրթ ու գիտակից սերունդ ունենալու ճանապարհի սկզիբը դպրոցում է, մեր երկրի ապագայի հիմքերն այստեղ են դրվում, որի ակունքներում ուսուցիչն է՝ իր ամենօրյա նվիրյալ ու պատվախնդիր աշխատանքով:
Այս տոնական պահին առանձնակի սիրով ցանկանում եմ շնորհավորել մեր ավագ սերնդի մանկավարժներին, նրանց, որոնք տասնամյակներ շարունակ կրթել են սերունդներ, անցել են վաստակած հանգստի, սակայն իրենց թողած ձեռագրով և կենսափորձով լավագույն օրինակ են երիտասարդների համար, նրանց, որոնք այսօր էլ շարունակում են իրենց աշխատանքը` օրինակ դառնալով կրտսեր գործընկերների համար:
Հարգարժան ուսուցիչներ
Դուք ոչ միայն շարունակում եք մանկավարժական մեծ համայնքի լավագույն ավանդույթները, այլ նաև աշխատում եք ժամանակի պահանջներին համահունչ, ձեր ազգանվեր առաքելությանը հավատարիմ:
Շնորհավորանքի խոսքերս եմ հղում համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակներին և մանկավարժներին:
Մանկակրթման և դաստիարակման, հայապահպանման ու հայրենասիրության սերմանման բարդ ու պատվաբեր գործի ակունքներում եք դուք և ձեր կոչմանն հավատարիմ` ապահովում եք մեր երեխաների նախադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը:
Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորում եմ Սևանի բազմագործառութային քոլեջի դասախոսներին, մանկավարժներին, որոնք կոչված են իրականացնելու շատ կարևոր առաքելություն:
Շնորհավորանքներս եմ հղում արտադպրոցական հաստատությունների խմբավարներին և դասատուներին, որոնք իրենց կարևոր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ ձևավորում են վաղվա քաղաքացուն:
Հարգարժան ուսուցիչներ
Բարդ ու հարափոփոխ, մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, երբ վերաձևակերպվում են շատ արժեքներ, ցանկանում եմ, որ դուք ձեր ներկայությամբ ու աշխատանքով դառնաք մեր արժեքների մեծագույն պահապանը` կրթությունը դարձնելով բացարձակ արժեք:
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ, շնորհակալություն եմ հայտնում ձեր պատվախնդիր աշխատանքի, անմնացորդ նվիրումի համար:
Մաղթում եմ ուժ և եռանդ, առողջություն, երկարակեցություն, բարեկեցություն և լավատեսություն, խաղաղ ու անվտանգ պայմաններում ապրելու, աշխատելու հնարավորություն:
Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ
