Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևանում համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է համախմբել սևանցի երիտասարդներին մարզամշակութային, ինտելեկտուալ իրադարձությունների շուրջ:
Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում կազմակերպված միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահից, որտեղ օրվա առթիվ ներկայացվեցին ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանի հիմնադրած «Արտեֆակտ» ուսումնական կենտրոնի սաների ցուցահանդես-ցուցադրությունները:


Մեկը մյուսից ինքնատիպ և հետաքրքիր աշխատանքները երիտասարդների մտքի ու զգացածի համադրությունն էին:


«Արտեֆակտ» ուսումնական կենտրոնում ուսուցանվում են ակադեմիական գծանկար, գծագրություն, գունանկար, կոմպոզիցիա։

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվել էր նաև երիտասարդ նկարիչ Նվեր Գագիկի Սարգսյանի աշխատանքների ցուցահանդես–վաճառք։


Նվերը նկարչական կրթությունը ստացել է սկզբում Սևանի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոցում, հետո շարունակել է Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Նա հայտնի նկարիչ դառնալու մեծ հեռանկարներ ունի։

Նկարչական տաղանդը Նվերի մոտ ի հայտ է եկել դեռևս 2 տարեկանից։ Էությամբ բարի, հոգատար ու հանդուրժող Նվերը նաև շատ է սիրում իր ծննդավայր Սևանը։

Պատանի նկարիչը իր աշխատանքներում ցուցաբերել է նկարչական յուրօրինակ տաղանդ։
Նվեր Սարգսյանը 2023թ-ի ապրիլի 11-ին թշնամու սադրանքի հետևանքով Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում զոհված սևանցի, հատուկ ջոկատային Նարեկ Գագիկի Սարգսյանի կրտսեր եղբայրն է։

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի և Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի նախաձեռնությամբ Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում անցկացվեց սիրողական սեղանի թենիսի մրցաշար։ Մասնակցեցին նախապես հայտ ներկայացրած 16-ից 35 տարեկան աղջիկներ և տղաներ։

Մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մասնակիցները արժանացան համայնքի ղեկավարի պատվոգրերի։




Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում անցկացվեց «Պարի թևերով» խորագրով համերգային ծրագիր՝ համայնքային մշակութային կենտրոնի պարային խմբերի ու երգչախմբերի սաների կատարումներով։



Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևանի Վ․ Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում անցկացվեց հանդիպում–քննարկում նվիրված երիտասարդներին հուզող խնդիրներին։ Անդրադարձ եղավ Երիտասարդության միջազգային օրվա պատմությանը, ինպես նաև երիտասարդության դերին, քանի որ նրանց ստեղծագործ միտքը, նպատակասլացությունն ու պատասխանատվությունը մղում են առաջ մեր հասարակությանը և կառուցում երկրի ապագան։ Յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, յուրաքանչյուր փորձ, նույնիսկ փոքր, կարող է ունենալ մեծ ազդեցություն մեր հասարակության ու երկրի կյանքի վրա։



Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում գործող «Ծովեմ» երիտասարդական կենտրոնում ևս օրվա առթիվ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ։ Երիտասարդների կողմից իրականացվեց պարային ֆլեշմոբ, հաջողած երիտասարդների հետ կազմակեպվեց մոտիվացիոն բանախոսություն, խաղեր, իսկ վերջում երիտասարդներն իրենց ցանկությունները գրեցին ցանկությունների պատին։
Օրվա առթիվ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ—ն։ Օրվա առթիվ Երազանքի այգում երեկոյան կազմակերպվեցին հետքրքիր հանդիպումներ, ծանոթություններ և իհարկե հետաքրքիր ժամանց խարույկի շուրջ։
Արդեն 26 տարի է, ինչ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր։ Այս տարի օրվա խորագիրն է ՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար»։