Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի (թարմացված)

Հունիսի 11-ին’ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն Ճամբարակ քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգ է ստացվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ  և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով, հոգեբանական աջակցության բաժնից հոգեբաններ։

Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ 

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մեծաքանակ ուժեր․ Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, մարզային փրկարարական վարչություններից, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից։

Տեղում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Զոհերի թիվը հասել է վեցի։

ՀՀ Ներքին գործերի նախարարությանՓրկարար ծառայություն

Ճամբարակում միջգերատեսչական մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ.

Ճամբարակում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։

Միջգերատեսչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։

Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Որոնողափրկարարական միջոցառումներն ինտենսիվորեն շարունակվել են։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ