Սևան համայնքը միանում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան.
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը, որին Սևան համայնքը միացել է 2020 թվականից, այս տարի անցկացվելու է հունիսի 10-12-ը:
Սևան համայնքում մայիսի 10-ից արդեն մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք այս տարի անցկացվվում են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով:
Մայիսի 16-ին Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպվել էր դեկորատիվ բույսերի և ծաղիկների ցուցահանդես՝ «Մաքուր միջավայր» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված էին սենյակային և դեկորատիվ բույսեր:

Այսօր շատերն են իրենց բնակարանում ստեղծում փոքրիկ դրախտավայր՝ աճեցնելով տարատեսակ սենյակային բույսեր։

Զարմացնել, ոգևորել, տալ խորհրդատվություն, փոխանակվել, նվիրել կամ վաճառել սենյակային, դեկորատիվ բույսեր: Այս նպատակն էր հետապնդում միջոցառումը:

-«Շատ բույսեր աճեցնելով բնակարաններում՝ մենք ստեղծում ենք պաշտպանող, բուժող, մաքրող ազդեցություն, իհարկե ստանալով նաև գեղագիտական հաճույք»։-Նշում է Սևան քաղաքի բնակիչ 71-ամյա Գրունիկ Անդրիկյանը, որ շունչ է տվել իրենց բակին և իր առօրյայի զգալի մասը նվիրել է կոկիկ ու բարետես միջավայր ստեղծելուն: Ցուցահանդեսին ներկայացված էին Գրունիկ Անդրիկյանի աճեցրած բույսերի տեսականին, ով մեծ սիրով մեզ նվիրեց դրանցից մեկը: Այն կլրացնի մեր հեռուստաընկերության կանաչ անկյունը:



Նույն օրը «Սևան համայնքի ԳԿՀ» ՀՈԱԿ-ի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում Սևանի Վլ. Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի 6ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ Աննա Գևորգյան) դիտեցին բնապահպանական թեմաներով վավերագրական ֆիլմերի շարք, որին հաջորդեց արևային կայանների, հիդրոէլեկտրոկայանների և շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող թեմաների քննարկում:




Սևանի հեծանվային ակումբը ևս միանում է ԵՄ Կանաչ Էներգիայի շաբաթվան: Մայիսի 17-ին ակումբի հեծանվորդներն իրականացրեցին «Մաքուր և Կանաչ բնաշխարհ» խորագրով հեծանվային արշավ: Մեկնարկը տրվեց Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից: Պատանի հեծանվորդները հասան մինչև Գագարին բնակավայր և վերադարձան Սևան: Նմանատիպ միջոցառումների, իրազեկման ակցիաների նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը, բարելավել երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնել ածխածնի արտանետումները:



Արդեն հինգ տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Համայնքում կազմակերպվում են Կայուն էներգիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ, բաց-դասեր, սպորտլանդիաներ, հեծանվաարշավներ, ցուցահանդեսներ:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Սևանի համայնքապետարանի և Հայաստանի համայնքների միության հետ համատեղ, հայտարարել է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների, «5 քայլ դեպի էներգախնայողություն» և «Իմ կանաչ քաղաքը» խորագրերով կարճ տեսահոլովակների նկարահանման, «Կանաչ աշխարհ» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթներ երեխաների և երիտասարդների համար:


Անհրաժեշտ է, որ մրցութային աշխատանքները համահունչ լինեն
վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի
քանիսին. էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների
արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում,
ինչպես նաև էներգախնայողություն,էներգաարդյունավետություն և կանաչ զարգացում:
Մրցույթի պայմանները.
— Մրցույթին կարող են մասնակցել բնակիչները, խրախուսվում է երեխաների, երիտասարդների մասնակցությունը:
— Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք:
— Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):
— Մրցույթին մասնակցելու համար նկարչական աշխատանքները (.jpg ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հունիսի 8-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, բնակավայրը կոնտակտային տվյալները:
— Ներկայացնելով նկարչական աշխատանքը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով: Լավագույնը ճանաչված նկարչական աշխատանքները կուղարկվեն Հայաստանի Համայնքների միություն:
Այդ նպատակով ստեղծված ժյուրին կգնահատի աշխատանքները, մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հունիսի 10-ը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Սևանի համայնքապետարան:
Հիշեցում՝
Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն լուսանկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:
Մրցանակային առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:
Նկարչական աշխատանքների ցուցադրությունը կկազմակերպվի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում, որտեղ էլ կընտրվեն մրցանակային աշխատանքները:
_____
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում միջոցառումները կաշունակվեն մինչը հունիսի 12-ը, կամփոփվեն լուսանկարչական, նկարչական և կարճ տեսահոլովակների նկարահանման աշխատանքների մրցույթները, կհրապարակվեն լավագույն աշխատանքները: