ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, չեխ գործարարների ուղեկցությամբ` բիզնես առաքելության շրջանակում այցելեց Սևանի «Կելլերս» գարեջրի գործարան։

Ապրիլի 8-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, չեխ գործարարների ուղեկցությամբ` բիզնես առաքելության շրջանակում այցելեց Սևանի «Կելլերս» գարեջրի գործարան։

Չեխական պատվիրակությանը ջերմորեն ընդունեց գործարանի հիմնադիր-տնօրեն Վարդան Կարապետյանը, ով ողջունելով պատվիրակությանը՝ շնորհակալություն հայտնեց այցի համար և կազմակերպեց շրջայց գործարանի տարածքով՝ մանրամասն ներկայացնելով գարեջրի արտադրության ողջ գործընթացը։

Չեխական պատվիրակության կազմում էր նաև «Կելլերս» գործարանի վաղեմի բարեկամ, հայտնի գարեջրագործ և տեխնոլոգ Իրժի Կարլիկը, ով գործարանի հիմնադրումից ի վեր նշանակալի ներդրում է ունեցել «Կելլերս» գարեջրի արտադրության բարձր որակի ձևավորման մեջ։

Դեսպան Պիրունչիկը և պատվիրակության անդամները բարձր գնահատեցին այն փաստը, որ գործարանում կիրառվում է ամբողջովին չեխական տեխնոլոգիա, իսկ արտադրական գործընթացն ապահովվում է նաև հայաֆիկացված ծրագրերի միջոցով, ինչը թերևս աշխարհում միակ դեպքն է, որը մեծապես տպավորեց չեխ մասնագետներին։

Հյուրերը նաև համտեսեցին «Կելլերս» գարեջուրը և հիացմունքով արտահայտվեցին նրա բարձր որակի մասին։ Պարոն Պիրունչիկը նաև շեշտեց, որ որպես Եվրամիության անդամ՝ Չեխիան լիովին աջակցում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA), ինչը խթանում է երկու երկրների տնտեսական, քաղաքական և իրավական համագործակցության խորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Վարդան Կարապետյանը նշեց, որ նման գործնական շփումները նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու երկրի տնտեսական զարգացմանը։

Հանդիպման ավարտին, դեսպան Պիրունչիկի գլխավորությամբ, չեխական պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու և զարգացնելու համագործակցությունը Հայաստանի գործընկերների հետ։