Գյուղը, որպես բանկավայր, առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Տարածաշրջանի գյուղերի հետ միասին Վարսերը եղել է վանքապատկան գյուղ, պատկանելով (874 թ. Սևանի կղզում կառուցված) սուրբ Առաքելոց և սուրբ Աստվածածին եկեղեցիներին։
Մեզ հայտնի են գյուղի մի քանի անվանումներ՝ Վարսեր, Վարսել, Սութոքյան, Չռչռ և 1947 թվականից մինչև օրս կրկին՝ Վարսեր։
Վարսեր բնակավայրը աշխարհագրական տեղադրվածությամբ գտնվում է ՀՀ Գեղարքունիք մարզի Սևանի տարածաշրջանում՝ Սևան քաղաքի հյուսիս — արևմտյան մասում, Փամբակի լեռնաշղթայի ստորոտում, Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան կամ Զանգու գետի նախկին՝ ցամաքած հունի հովտում և նրա շրջակայքում, լեռնալանջի վրա՝ ծովի մակերևույթից 1900-1930 մ բարձրության վրա: Բնակավայրի հարավային մասից շուրջ 6 կմ հեռավորությունից ձգվում է Գեղամա լեռնաշղթան:
Համայնքի վարչական տարածքը զուրկ է բնական աղբյուրներից: Բնակավայրի տարածքն անմիջականորեն հարում է կենտրոնական բնակավայրին՝ Սևան համայնքին:
Բնակավայրը արևմուտքից և հյուսիսից սահմանակից է Գեղամավանին, հյուսիս-արևելքից՝ Ծովագյուղին, անմիջապես արևելքից և հարավ արևելքից՝ Սևան համայնքին, հարավ արևելքից և հարավից՝ Լճաշենին, իսկ հարավից և հարավ արևմուտքից՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրին:
Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ չոր ու զով, առողջարար: 01.01.2025 դրությամբ Վարսեր բնակավայրում հաշվառված բնակչության թիվը 1769 է:
Բնակավայրն ամբողջությամբ ապահովված են խմելու ջրով, գազաֆիկացված է, էլեկտրաֆիկացված, ունի գիշերային լուսավորության ցանց, գործում է հեռախոսային, հեռուստատեսային և ինտերնետ կապը:
Բնակավայրում կա մանկապարտեզ, միջնակարգ դպրոց, գրադարանի մասնաճյուղ, բուժական-մանկաբարձական կետ: Վարսերցիները զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Անասնապահական տնտեսություններն զբաղվում են նաև հացահատիկի (գարնանացան գարի, ցորեն, հաճար), կերային կուլտուրաների (առվույտ, կորնգան) և կարտոֆիլի մշակությամբ։ Տարածված է կաթնատու, կաթնամսատու տավարաբուծությունը և ոչխարաբուծությունը:
Մի քանի տնտեսություն զբաղվում է մեղվաբուծությամբ։ Համայնքում գործում է կահույքի արտադրամաս, որտեղ ներգրավված է շուրջ 40 աշխատող:
Վարսեր բնակավայրում են գտնվում Սբ. Ստեփանոս եկեղեցին, Սբ. Գրիգոր Նարեկացի մատուռը, «Խաչեր» մատուռը, սակայն զբոսաշրջության համար արժեքավոր են բնակավայրի տարածքում գտնվող գերմանացի ու հունգարացին ռազմագերիների գերեզմանոցը, որը գտնվում է բնակավայրի հյուսիս-արևելյան եզրին:
Վարսերին շունչ են հաղորդում Գեղամա լեռների լանդշաֆտը, գյուղի հարավ արևմտյան եզրին գտնվող «Ծաղկավանք» մատուռը, հին ջրանցքի, ջրամբարի, Չռչռ-ՀԷԿ-ի մնացորդները և առավելապես առողջարար կլիման:




