Նոյեմբերի 10-ին տեղական ինքնակառավարման համակարգը նշում է ներդրման 30-րդ ամյակը:
1996թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որը ժողովրդավարության հիմնարար քայլ էր և ամրագրվեց պետական տոնացույցում որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր:
Անցած երեքտասնամյակի ընթացքում ՏԻՄ համակարգը կրել է ժամանակին համահունչ և իրավիճակով պայմանավորված փոփոխություններ, կատարելագործվել է, անցել հաջողությունների, դժվարությունների և բարեփոխումների տեսանելի ուղի:
Համայնքները պետության հենասյուններն են, իսկ ՏԻՄ համակարգն այդ հենասյան առանցքը, որը ժամանակի փոփոխությունների անմիջական կրողն ու արձագանքողն է, ժողովրդավարության իրական հիմքը:
Արդեն երեսուն տարի այս համակարգը բնականոն գործունեությանը զուգահեռ կերտում է պատմություն՝ դառնալով պետության կառավարման համակարգի հիմնարար ինստիտուտներից մեկը:
Հոբելյանական այս տարին էլ լավագույն հնարավորություն է անցածը վերաիմաստավորելու, ներկան գնահատելու և ապագան կանխատեսելու համար։
Տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, մասնակցությամբ համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների, ինքնակառավարման գործընթացը դարձրել և դարձնելու են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման միջոց և հնարավորություն, որի առանցքում համայնքային կյանքի որակի լավարկումն է, համայնքի բնակիչների խնդիրների լուծումը, մասնակցային կառավարման գործիքակազմերի, համայնք-բնակիչ կապի ապահովումը:
Ապակենտրոնացման գործընթացը տարեցտարի ստեղծում է նոր հնարավորություններ, բազմապատկվում են համայնքների կարողություններն ու ներուժը, ներդրվող ծրագրերի շնորհիվ տեսանելի է դառնում կատարված աշխատանքը։
Համայնքների կողքին են ոչ միայն պետական կառույցները, այլ նաև տեղական և միջազգային կազմակերպությունները, որոնք կարողությունների և հմտությունների փոխանցումից մինչև դրամաշնորհների հատկացում ձևավորում են արժեշղթա՝ համայնքները դարձնելով առավել ուժեղ, ներկայանալի և ինքնաբավ:
Մենք ապրում և աշխատում ենք բարդ, պատասախանատու ու դժվարին ժամանակաշրջանում` ամեն օր հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, ու քաջ գիտակցում, որ համայնքի դիմագիծը ձևավորվում են տեղական ինքնակառավարման համակարգում ծառայություն իրականացնող մարդիկ։
Մասնագիտական ու կադրային ռեսուրսի առումով համայնքներն ավելի են հզորացել, ընդլայնվել է ծառայությունների մատուցման գործիքակազմը:
Կարծում եմ` այս համակարգում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր աշխատակից ունի կարողություն, մասնագիտական փորձառություն և գիտելիքներ, նվիրվածություն և համբերատարություն` լուծելու այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, կիսելու համայնքի բնակիչների հոգսերը, միաժամանակ բնակիչներն էլ իրենց ակտիվ մասնակցությամբ, մասնակցային կառավարման գործիքակազմերի շնորհիվ կարող են համայնքային կյանքը դարձնել առավել հաշվետվողական, ներառական՝ ապահովելով ներդաշնակ հասարակություն ունենալու ցանկություն-պահանջը:
Նոյեմբերի 10-ը լավագույն հնարավորություն է՝ ի մի բերելու անցած տասնամյակների գործունեությունը, նորովի մոտենալու խնդիրներին ու դրանց լուծմանը, խոսելու հեռանկարների ու հնարավորությունների մասին:
Երեքտասնամյակը բոլորած համակարգն իր կենսունակությամբ ապացուցում է, որ երկիրն ու պետությունը ուժեղ են համայնքներով, որոնք կառավարման հենասյուներն են և զարկերակները:
Տոնական օրվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներին, Սևան համայնքի ավագանու անդամներին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմին, միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի աշխատակիցներին:
Ես գնահատում ու կարևորում եմ յուրաքանչյուրիդ աշխատանքն ու ջանքերը, մասնագիտական ու մարդկային որակները, ձեր պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, որոնցով ձևավորվում է համայնքի դեմք ու դիմագիծը:
Հարգելի գործընկերներ
Մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, նվիրվածություն ու նպատակասլաց աշխատանք, արևշատություն և առողջություն, հաստատակամություն և պետականամետ գործունեություն, որոնք այնքան անհրաժեշտ են մեր հետագա քայլերի ու գործողությունների իրականացման ճանապարհին, մեր համայնքի զարգացման գործում։
Վստահ եմ` յուրաքանչյուրդ ձեր տեղում և ձեր լիազորությունների շրջանակներում այսուհետ էլ շարունակելու եք ձեր պատվաբեր ու պատասախանատու ծառայությունը հանուն Սևանի և սևանցու, հանուն մեր համայնքի կայուն զարգացման և առաջընթացի, հանուն մեր պետության բարօրության:
