ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ՝ ՀԱՎԵՐԺԱՑՎԱԾ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿՈՎ․

Հոկտեմբերի 9-ին Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակի հանդիսավոր բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին մշակույթի գործիչներ, Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, կոմպոզիտորի հարազատները, հարևաններն ու արվեստասեր սևանցիներ։

Հարթաքանդակի բացումը հարգանքի տուրք էր վաստակաշատ արվեստագետի հիշատակին՝ խորհրդանշելով նրա հարուստ երաժշտական ժառանգության փոխանցումը գալիք սերունդներին։

Ներկաներն իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին հարթաքանդակի հեղինակ Արտաշես Սարգսյանին, ինչպես նաև նախաձեռնության իրականացմանն աջակցած անձանց և այն կյանքի կոչած կոմպոզիտորի կնոջը՝ Կարինե Սարգսյանին, և որդուն՝ Դավիթ Սարգսյանին՝ Վալերի Սարգսյանի՝ որպես կոմպոզիտորի և ուսուցչի, հիշատակը հավերժացնելու համար։

Վալերի Սարգսյանը շուրջ 20 տարի ղեկավարել է Սևանի երաժշտական դպրոցը։ 2015 թվականին Սևան համայնքի ավագանու որոշմամբ դպրոցը կոչվել է նրա անունով՝ արժևորելով նրա մեծ ներդրումը համայնքի երաժշտական կյանքի և երիտասարդ սերնդի կրթության գործում։

Այսուհետ երաժշտական դպրոցի մուտքը կզարդարի մեծանուն կոմպոզիտորի հարթաքանդակը՝ ամեն օր հիշեցնելով նրա անցած ստեղծագործական ուղու, մանկավարժական վաստակի և սերունդներին թողած անգնահատելի ժառանգության մասին։

Մեծ արվեստագետները հեռանում են կյանքից, բայց նրանց ստեղծած երաժշտությունը, թողած հետքն ու բարի հիշատակը մնում են հավերժ։