Սևանում բարեկարգվում են այգիներ և խաղահրապարակներ.

Սևան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նոր խաղամիջոցներ, որոնք լրացնելու են այգիների և խաղահրապարակների բարեկարգման և հիմնանորոգման արդյունքում ժամանցի կազմակերպման տարածքների ցանկը:

Կարևորելով ազատ ժամանցի և անվտանգ հանգստի կազմակերպումը՝ Սևան համայնքը՝ ի դեմս համայնքապետարանի, դեռևս ամիսներ առաջ հանդես է եկել նախաձեռնությամբ, որի արդյունքում Սևան քաղաքի մի շարք տարածքներում՝ Իտալիայի այգի, Պրահա-Վինոր այգի, Նալբանդյան փողոց թիվ 12, 24, 26 շենքերի բակային տարածք, Շինարարներ փողոց, 3, 5 շենքերի հյուսիսային հատված, Աբովյան փողոց, 5, 7, 9, 11, 13, 15 շենքերի բակային տարածք, արդեն մեկնարկել կամ առաջիկայում մեկնարկելու են բարեկարգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ խաղամիջոցների տրամադրումն իրողություն է դարձել Սևան համայնքի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` GIZ-ի կողմից, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:

Պրահա-Վինոր այգում մեկնարկած բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և համայնքի ֆինանսավորմամբ։ Սևան քաղաքի մյուս տարածքներում բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները կատարվելու են համայնքի բյուջեի ֆինանսական միջոցներով:

Միաժամանակ տեղեկացնենք, որ խաղամիջոցներից լիարժեք հնարավոր է օգտվել տարածքների բարեկարգման աշխատանքների ավարտից հետո, ուստի ակնկալում ենք, որ բնակիչներն ըմբռնումով կմոտենան ժամակավոր անհարմարություններին:

Շուտով սևանցիները կստանան ժամանցի ու հանգստի ներկայանալի և բարեկարգ տարածքներ՝ կահավորված, հարմարավետ ու անվտանգ: