Արդեն 18 տարի մեր հանրապետությունում սեպտեմբերի 4-ին նշվում է Փրկարարի մասնագիտական տոնը:
Մեր իրականության մեջ փրկարարի դերն ու աշխատանքը կարևորվեց հատկապես 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ անհրաժեշտ էր գործել արագ, գնահատել յուրաքանչյուր պահը, ինչպես նաև կայացնել ճիշտ որոշումներ` փրկելով հազարավոր կյանքեր:
Տարիների ընթացքում հայ փրկարարները ձեռք բերեցին մասնագիտական նոր հմտություններ ու կարողություններ, որոնց շնորհիվ և որի արդյունքում հնարավոր դարձավ մարդասիրական այս առաքելությունը կատարել լավագույնս ու մեծագույն պատասխանատվությամբ:
Տասնամյակների ընթացքում փրկարարական ծառայության գործառույթները, ոչ միայն ընդլայնեցին իրենց աշխարհագրությունը, այլ նաև դարձան մեր կյանքի անբաժանելի մասը՝ միշտ մնալով մեր քաղաքացիների կողքին:
Անտեսելով ցանկացած դժվարություն ու խոչընդոտ` փրկարարները դիմակայում են մարտահրավերներին, վտանգներին ու աղետներին, որոնք չունեն ժամանակ, տարածություն, սահմանափակումներ:
Փրկարարի աշխատանքը չունի ժամ ու ժամանակ, հանգստյան օրեր. այն ամենօրյա անտրտունջ գործունեություն է, որը համատեղում է անձնուրացությունը, մարդասիրությունը, պատասխանատվությունը:
Նրանք միշտ հայտնվում են ճիշտ ժամանակին` իրենց ամենօրյա չընդհատվող աշխատանքով դառնալով մեր անվտանգ կյանքի ու ապահով միջավայրի երաշխավորը ու հավատարիմ մնալով իրենց բարձրագույն առաքելությանը:
Վստահաբար արձանագրում ենք, որ փրկարարներն արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու կարողության և կուտակված փորձի շնորհիվ լուծում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները` հավատարիմ մնալով իրենց կոչմանը:
Հարգելի փրկարարներ, արտակարգ իրավիճակներում աշխատող մասնագետներ
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս ձեր մասնագիտական տոնի առթիվ:
Առանձնակի շնորհավորում եմ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի ողջ անձնակազմին, նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն, առողջություն, անվտանգ աշխատանք, արժանապատիվ կյանք:
