Սուբվենցիոն հերթական ծրագիրն իրականացվում է Ծովագյուղ բնակավայրում.
2025 թվականին Սևան համայնքի կողմից ներկայացված և հաստատված սուբվենցիոն ծրագրերի ցանկում էր նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան շինության հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը, որը մեկնարկել է 2026 թվականի գարնանը:
Մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների իրականացումը համայնքի կողմից դիտարկվել էր առաջնահերթություն:
Մշակութային օջախի շնչառություն հաղորդելու առաջին քայլը կատարվել էր դեռ 2009 թվականին, և Ծովագյուղ համայնքի կողմից վերանորոգվել էր շենքի վատթար վիճակում գտնվող տանիքը:
2014թվականին Ծովագյուղի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով իրականացվել են մշակույթի տան կապիտալ ամրացման աշխատանքներ:
2015թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսավորմամբ իրականացվել է մշակույթի տան պատուհանների տեղադրում:
2021թվականին կրկին Ծովագյուղի համայնքապետարանի ֆինանսական միջոցներով կատարվել են շենքի պատուհանների կողքերի ամբողջական հարթեցման աշխատանքներ:
Չնայած իրականացված շինարարական աշխատանքներին՝ բնակավայրի մշակույթի տանը նոր շունչ, թարմություն հաղորդելու և արդի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ էր առավել ընդգրկուն ծրագրի իրականացում:
2025 թվականին հաստատված և 2026 թվականին իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 126.632.400 ՀՀ դրամ է՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքները ներառում են 1296քմ տարածք ունեցող շինության ներսում քանդման աշխատանքներ, միջնորմերի կառուցում, դռների և լուսամուտների տեղադրում, երկաթբետոնե հարթակի և աստիճանավանդակի կառուցում, առաստաղների և պատերի հարդարում, հատակների իրականացում, լուսավորության ցանցի մոնտաժում, ջրամատակարարման կոյուղու արտաքին և ներքին համակարգի, ջեռուցման համակարգի կառուցում, օդափոխության մոնտաժում, արտաքին աստիճանահարթակի երեսպատում և այլ աշխատանքներ:
Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպություններն են «Ծովագյուղ ՃՇՇ» և «Կամարաշար» ՍՊԸ-ները:
Ծովագյուղ բնակավայրի համար կարևորագույն այս խնդրի լուծմամբ կաշխուժանա բնակիչների առօրյան, լուրջ նախադրյալներ կստեղծվեն մարզա-մշակութային միջոցառումների կյանքի կոչման համար, կբացվեն մի շարք խմբակներ, կվերականգնվեն մշակութային ավանդույթները:
