Սևանի տարածաշրջանի դպրոցների դասարաններում տեղադրվել են երեխաների ձեռքով պատրաստված տեսակավորման թափոնամաններ։

Այս տարվա փետրվար և մարտ ամիսներին «Սևանը տեսակավորում է» ծրագրի շրջանակներում Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն կրթական հանդիպումներ է անցկացրել Սևանի տարածաշրջանի դպրոցներում։

Ծրագրի նպատակն էր դպրոցականներին ներկայացնել թափոնների տեսակավորման կարևորությունը և ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։ Հանդիպումները միայն տեսական գիտելիքով չսահմանափակվեցին։

Աշակերտները ներգրավվել են ստեղծագործական առաջադրանքներում՝ նախաձեռնելով կանաչ նախաձեռնություններ, պատրաստելով տեսանյութեր և կոմիքսներ, որոնք ներկայացվել են «Թափոնը՝ գլխավոր հերոս» ամփոփիչ ցուցահանդեսում՝ մրցութային ձևաչափով։

Սակայն ծրագրի կարևորագույն նպատակը միայն իրազեկումը չէր։ Անհրաժեշտ էր ստեղծել իրական հնարավորություն, որպեսզի երեխաները գործնականում կիրառեն իրենց ստացած գիտելիքները։

Ծրագրի համայնքային ֆորումի ընթացքում մասնակիցների և գործընկեր կառույցների քննարկումների արդյունքում որոշվեց, համագործակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանի՝ դպրոցների դասարաններում տեղադրել տեսակավորման թափոնամաններ։

Սևանում թափոնների տեսակավորման համակարգը ներդրվել է 2025թ-ին Շվեդիայի ֆինանսավորմամբ՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի «WPA» ծրագրի շրջանակում: Համայնքային ներգրավման և իրազեկման արշավն իրականացնում է Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն: