Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո: Ապրիլի 29-ին , Սևան քաղաքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցն ու Սևանի հեծանվային ակումբը համատեղ իրականացրին հեծանիվներով իրազեկման արշավ։

Մեկնարկը տրվեց Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից: Պատանի հեծանվորդները անցան Սևան քաղաքի փողոցներով։
Նմանատիպ միջոցառումների, իրազեկման ակցիաների նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը, բարելավել երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնել ածխածնի արտանետումները:

Արդեն 6 տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Համայնքում կազմակերպվում են Կայուն էներգիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ, բաց-դասեր, մրցույթներ, սպորտլանդիաներ, հեծանվաարշավներ:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:
