Հիմնանորոգման հասցեներում մանկապարտեզի շենքերն են․

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Սևան համայնքում մարտ ամսից մեկնարկել են Սևանի թիվ 3 «Հեքիաթ» և Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքները:
Երկու հաստատություններում էլ նորովի ու թարմ շնչով ներկայանալու անհրաժեշտությունը հասունացել էր, որն էլ իրողություն դարձավ կոնկրետ ծրագրերի կյանքի կոչմամբ:
Մանկապարտեզներում շինարարական աշխատանքներն ընթանում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերին համապատասխան և ողջ ծավալով:
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգման ծրագրերին հաջորդելու է Սևան համայնքի բյուջեի միջոցներով երկու մանկապարտեզների բակային տարածքների բարեկարգման և կահավորման գործընթացը:
Շուրջ 300 սան ունեցող մանկապարտեզներում ձևավորված լավագույն ավանդույթները, կրթադաստիարակչական գործընթացն ամիսներ անց կվերականգնվի հիմնանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխան շենքերում:
Տեղեկացնենք, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրում նախատեսված է կառուցել մանկապարտեզի նոր շենք, Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզն էլ հիմնանորոգվելու է: Երկու նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն էլ ներառված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում:
