Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ
Շնորհավորում եմ ձեզ գարնանային սիրված ու գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Գարնանամուտն ազդարարվում է մեր կողքին ապրող կանանց մեծարելու, նրանց դերը մեր հասարակության մեջ ևս մեկ անգամ կարևորելու և շեշտադրելու լավագույն հնարավորությամբ:
Հանրային, հասարակական, պետական, համայնքային կյանքի բոլոր ոլորտներում անուրանալի է կանանց դերը, տեսանելի՝ նրանց աշխատանքը:
Կանանց մասնագիտական որակները, համատեղվելով կանացի նրբազգացությանն ու նրբանկատությանը, մայրական հոգատարությանը, ստեղծում են տեսանելի արդյունքներ, որոնց շնորհիվ ունենք հավասարակշիռ հասարակություն և միջավայր:
Այս բարդ ժամանակներում էլ մեծ պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ կանայք դիմակայում են մեր երկրի, համայնքի առջև ծառացած մարտահրավերներին ու միաժամանակ հաջողությամբ հաղթահարում դրանք:
Սիրելի կանայք
Դուք ընտանիքի հոգատար ու սիրագորով մայրեր եք, պատվարժան տանտիկիններ, նվիրված կանայք` երաշխավորը ձեր ընտանիքի ամրության ու պահպանության, ձեր զավակների դաստիարակության, լիարժեք քաղաքացիներ դարձնելու գործում:
Այս տոնական պահին ցանկանում եմ առանձնակի շնորհավորել Հայոց բանակում իրենց պարտքը կատարող զինվորների մայրերին: Թող ձեր աչքերը միշտ ժպտան երջանկությունից ու փայլեն հպարտությամբ` ձեր զավակների հաջողությունների և բարի լուրերի սպասմամբ:
Ցանկանում եմ իմ երախտիքի ու խոնարհումի խոսքերը հղել այն կանանց, որոնք արցախյան հերոսամարտերում տվել են թանկագինը՝ իրենց զավակներին ու ամուսիններին։
Սիրով շնորհավորում եմ Սևանի բնակիչներ դարձած արցախցի կանանց, մայրերին, քույրերին, մաղթում նրանց հոգու կորով, առողջություն, հավատ և վստահություն ապագայի նկատմամբ:
Սևանը հպարտանում է համայնքում ապրող ու արարող կանանց հաջողություններով ու ձեռքբերումներով, գնահատում նվիրյալ աշխատանքը ու գործունեությունը, որի շնորհիվ մեր համայնքը դառնում է առավել ներկայանալի ու տեսանելի:
Սևան համայնքի հարգարժան մայրեր ու կանայք, աղջիկներ և քույրեր
Հրաշալի տոնի՝ Մարտի 8-ի առթիվ ընդունեք իմ, Սևան համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու ամենաջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները:
Մաղթում եմ ձեզ լավատեսություն, առողջություն և արևշատություն, թող ձեր կյանքը իմաստավորվի անձնական և աշխատանքային հաջողություններով, բարձր տրամադրությամբ և դրական զգացողություններով:
Անկախ ժամանակի թելադրած դժվարություններից ու առկա խնդիրներից՝ երբեք չկորցնեք ձեր հոգու և մտքի լույսը, եղեք առողջ ու կենսախինդ:
Ցանկանում եմ ձեզ սեր, երջանկություն, հոգեկան ներդաշնակություն, բարեկեցություն: