ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Սիրելի  հայրենակիցներ 

Սևան համայնքի հարգելի բնակիչներ,

Պատմություն դարձող 2025 թվականը փոփոխությունների, մեծ ու փոքր ծրագրերի, աշխատանքի, մարտահրավերների, նաև գրանցված ձեռքբերումների ու հաջողությունների տարի էր:

Անցնող տարին ամփոփելիս արձանագրում ենք, որ հավասարակշռված գործելաոճի, համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել  համայնքի բնականոն կյանքը՝ գրանցելով տեսանելի արդյունքներ:

Քիչ չէին դժվարություններն ու խնդիրները,  սակայն պատասխանատվության, իրավիճակը ճիշտ գնահատելու և պատրաստվածության շնորհիվ կարողացել ենք իրականացնել համայնքապահպան բազմաթիվ ծրագրեր:

Մեր լավագույն գործընկերների, համագործակցային հարաբերությունների զարգացման և հաստատման շնորհիվ և համայնքի բնակիչների աջակցությամբ կարողացանք գրանցել լուրջ ձեռքբերումներ, որոնք, կարծում եմ, նոր տարում ունենալու են տրամաբանական շարունակություն:

Նոր հեռանկարների ակնկալիքով, զարգացման ու համայնքապահպան  ծրագրերով ոտք ենք դնում 2026 թվական` կարևորելով յուրաքանչյուրի, համայնքում գործող կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների մասնակցությունը սոցիալ-տնտեսական, կրթամշակութային նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման  գործում:

Այս տոնական պահին, երբ ի մի է բերվում արվածը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային ու տեղական կազմակերպություններին, Սևան համայնքի ավագանու անդամներին,  պետական ու մասնավոր կառույցներին, ընկերություններին և  անհատներին, որոնք համայնքային կյանքում ունեցան իրենց դերակատարումը, շնորհակալություն եմ հայտնում նրանց, որոնք  հավատացին և վստահեցին տեղական իշխանությանը` դառնալով լավագույն և հուսալի գործընկեր:  

Սիրելի հայրենակիցներ

Մենք ապրում ենք  այնպիսի ժամանակահատվածում, երբ առաջնահերթ են անվտանգությունն ու խաղաղությունը, երբ մեր գործողություններն ու քայլերը պետք է լինեն հավասարակշռված:

Ցանկանում եմ, որ 2026 թվականը դիմավորեք լավատեսական տրամադրությամբ ու նորի ակնկալիքով: Ցանկանում եմ, որ Սևանն ապրի զարգացման նոր շրջան, իսկ Սևան համայնքի  բնակավայրում ապրող բնակիչներն այստեղ տեսնեն իրենց և իրենց երեխաների ապագան:

Տոնական այս պահին առանձնահատուկ  շնորհավորում եմ նորաստեղծ  ընտանիքներին` նրանց մաղթելով սեր և միություն, այն ընտանիքներին, որոնց հարկի տակ տարին իմաստավորվեց մանկան ծնունդով. թող մանկան ճիչը լույս ու ջերմություն բերի մեր ընտանիքներին:

Այս պահին ես բոլորիդ հետ եմ՝ սահմանին կանգնած զինվորի, հերթապահության շտապող բուժաշխատողի, ծառայություն իրականացնողների:

Շնորհավորում եմ նրանց, որոնք ինչպես ամբողջ տարին, այնպես էլ այս պահին բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները:

Շնորհավորում եմ մեր տարեցներին, տատիկ, պապիկներին` նրանց մաղթելով բարեկեցություն և արժանապատիվ կյանք, առողջություն և հոգեկան հանգստություն:

Խոնարհվում եմ այն ընտանինքների առաջ, որոնք ունեն թանկ ու անդառնալի կորուստներ, հավերժ փառք մեր հերոսներին, որոնք դարձել են անմահության մարտիկներ։

Դիմում եմ Սևանի տարածաշրջանի բոլոր բնակիչներին, մեր հայրենակիցներին

Իմ, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անդամների անունից ընդունեք Ամանորի բարեմաղթանքներս ու շնորհավորանքներս:

Թող 2026 թվականը վստահորեն, հավատով, ջերմությամբ մտնի մեր օջախներ, իր թարմ շնչով բերի բերկրանք և ուրախություն, անսպառ սեր ու լավատեսություն մեր հայրենակիցներին:

Մեր երկրին և մեր ժողովրդին մաղթում եմ կայուն խաղաղություն և առաջընթաց, մեր համայնքին և նրա բնակիչներին` բարօրություն և զարգացում, մեր ընտանիքներին` բարգավաճում, սեր երջանկություն, արժանապատիվ կյանք, մեր մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, երիտասարդներին՝ իրենց համայնքում և հայրենիքում ապրելու, ստեղծագործելու և արարելու մեծագույն բերկրանք,  յուրաքանչյուրին`   առողջություն, երկարակեցություն, բարեկեցություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ, հավատ ապագային նկատմամբ: 

Թող 2026 թվականը դառնա մեր իղձերի, նպատակների, ցանկությունների հանգրվանը,  լինի մտքի ու ձիրքի, լավագույն ծրագրերի, արժանապատիվ աշխատանքի, ձգտումների և նոր բարձունքներ նվաճելու ու կայուն առաջընթացի  տարի, թող խաղաղությունը թևածի հայոց երկնակամարում, իսկ Սևան համայնքի յուրաքանչյուր բնակավայր իր առանձնահատկություններով  ամբողջացնի մեր համայնքի դեմքն ու դիմագիծը:

Բարին ու լույսը, Նոր տարվա  ջերմությունն ու սերը՝  բոլորիս

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ