Սևան համայնքի Վարսեր բնակավայրում մեկնարկել է սուբվենցիոն երկու ենթածրագիր, իսկ Դդմաշեն բնակավայրի խաղահրապարակում շուտով կտեղադրվեն խաղային միջոցներ։

Սևան համայնքի Վարսեր բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման ծրագիրը համայնքային առաջնահերթություններից մեկն էր, որը պետություն-համայնք համագործակցության արդյունքում դարձավ «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրերից մեկը:

Զովաբեր, Լճաշեն բնակավայրերից հետո աշխատանքները մեկնարկել են Վարսեր բնակավայրում, որը ներառում է 6735 գծմ ոռոգման ցանցի կառուցում:

Ծրագրի պայմանագրային արժեքը 130996750 ՀՀ դրամ է՝ պետության ներդրումը 75 տոկոս է, համայնքի ներդրումը՝ 25 տոկոս:

Ծրագիրն իրականացվում է «ԱՍ-777» ՍՊԸ-ի կողմից:

Բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը նպատակային դարձնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, բնակիչների կյանքի որակը և սոցիալ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով իրականացվող ծրագիրը հնարավորություն է ընձեռելու լուծել սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, ունենալ աշխատանքին համարժեք արդյունք:

Այս ենթածրագրի շինաշխատանքներին զուգահեռ մեկնարկել են նաև Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Ենթածրագրի շրջանակներում իրականացվելու է 10406քմ տարածքի ասֆալտապատում և բարեկարգում ենթածրագրի պայմանագրային արժեքը 127989600 ՀՀ դրամ՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինաշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում էլ խաղահրապարակի կառուցման աշխատանքներն ավարտին են մետենում, որին կհաջորդի կահավորումը։ Աշխատանքներն իրականացվել են «ԼԵՎ ՇԻՆ» ընկերության կողմից՝ 5 մլն.220 հազ. Դրամի շրջանակներում՝ Սևանի համայհնքապետարանի ֆինանսավորմամբ:

Բնակիչների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած գաղափարը Դդմաշեն բնակավայրում դարձել է ծրագիր, որի արդյունքում դդմաշենցի փոքրիկները շուտով կունենան նոր խաղահրապարակ, որը օրեր անց կկահավորվի խաղամիջոցներով:

Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։