Արդեն երկրորդ անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվում է՝ որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր:
Սևան համայնքում օրվա առթիվ իրականացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց առանքում ոչ նյութական մշակութային ժառանգության դերի ու նշանակության կարևորումն էր:

Օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: Դաստիարակ Լիլիթ Մարգարյանի՝ միջին խմբի սաները դաստիարակի հեղինակած «Սևանի խոսող ձկնիկը» գրքի միջոցով ծանոթացան Սևանա լճի ծագմանն ու կենդանական աշխարհին, վերհանեցին բնապահպանական խնդիրներ:


Օրը շարունակվեց «Վ․ Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում, որտեղ կազմակերպվել էր «Պահպանենք ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները» թեմայով զրույց քննարկում՝ մասնակցությամբ Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների: Ցուցադրվեց օրվան համահունչ ֆիլմ, որին հաջորդեցին ազգային խաղերը:





«Սևանի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր Տառատեսակների ցուցահանդես, որն ուղեկցվեց տառերի և տառատեսակների օգտագործման, դրանց կիրառման վերաբերյալ ճանաչողական տեղեկատվական նյութի տրամադրմամբ: Ցուցահանդեսի նպատակն էր գնահատել և արժևորել մեր տառարվեստի գեղագիտական և պատմամշակութային հարստությունը և սերունդներին փոխանցել այն արժեքները, որոնց վրա հիմնված է մեր ազգային ոգին։







«Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ մասնակցությամբ դպրոցի սաների և դասատուների: Ճաշակով և տեղին ընտրված համարները հանրամատչելի էին և սիրված, որոնք հանդիսատեսին պատճառեցին մեծ բավականություն:



Համերգային ծրագրին ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Ազնաուրյանը, հիմնադրամի աշխատակիցներ, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ՀՈԱԿ-ների տնօրեններ, աշխատակիցներ, ծնողներ:





Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օրն ամփոփեցին «Բոհեմ» արվեստանոց–թեյարանում, որտեղ «ՍևանաՑԱՆՑ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում ոլորտի մասնագետների և փորձագետների հետ, որտեղ ներկա էին նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցները։


Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարատության Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակում ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «ՍևանաՑանց» երիտասարդական ճամբարը և ճամբարի ընթացքում ստեղծված ֆիլմը, որը պատմում է Ճամբարակից հավաքագրված «Չիլինկի փետ» ավանդական խաղի մասին, ներկայացնում է Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ—ի պաշտոնական կայքում` Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օրվա կապակցությամբ:


Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։
2006թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան և դրա կիրարկման շրջանակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ բազմաբնույթ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում։
2009 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը:
