ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի երիտասարդներ

Ընդունեք լավագույն բարեմաղթանքներս ու շնորհավորանքներս Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:

Մտքով ու հոգով առողջ, նպատակասլաց ու պատրաստակամ, նախաձեռնող ու դրական փոփոխությունների առաջամարտիկ. այսպիսին է այսօրվա երիտասարդի նկարագիրը, որն ունի մեծ ձգտումներ ու կենսունակ նպատակներ:

Դուք ուսանող եք և մասնագետ, նորարար և գիտնական, մտավորական ու  հասարակական, քաղաքական գործիչ: Առավել լավ միջավայր ու երկիր ունենալու ձգտումը ձեր ամենօրյա գործունեության առանցքում է:

Ձեզանից շատերն էլ այսօր իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ` պաշտպանելով  մեր երկրի անվտանգությունն ու խաղաղությունը:

Սևան համայնքի սիրելի երիտասարդներ,

Ձեր աշխատանքի, ձեռքբերումների, ձեր մարզական նվաճումների, մշակութային ու ինտելեկտուալ հաղթանակների, ստեղծարար մտքի, կամավորական աշխատանքի, հետաքրքիր ու նախաձեռնող գաղափարների, կյանքի կոչված ծրագրերի շնորհիվ Սևան համայնքը տարեցտարի ամբողջացնում է իր դիմագիծը՝ դառնալով ներկայանալի և օրինակելի:

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդներն ասում են իրենց խոսքը, ու տեղական իշխանությունն էլ պատրաստակամ է՝ լսելու մեր երիտասարդներին, նրանց մասնակից դարձնելու համայնքային կյանքի կառավարման գործին՝ կարևորելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում: 

Ուզում եմ առանձնակի շնորհավորել այն երիտասարդներին, որոնք այս տարի հաջող քննություն բռնեցին բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում և արդեն կրում են ուսանող լինելու մեծագույն պատիվը:

Սիրելի երիտասարդներ,

Եղեք համարձակ ու նորարար, հետևողական ու նպատակասլաց:

Մեր կյանքն ու իրականությունը լի են մարտահրավերներով, այս բարդ ժամանակահատվածում, վստահ եմ, որ ունեք կամք, գիտելիքներ դիմակայելու բոլոր մարտահրավերներին և ձեր խոսքն ասելու բոլոր բնագավառներում:

Իմ երիտասարդ բարեկամներ, Սևան համայնքի կենսունակությունն ապահովող քաղաքացիներ

Իմ,  համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:

 Մաղթում եմ առողջություն և երջանկություն, ուսումնառության մեջ հաջողություններ, աշխատանքում` նորանոր բարձունքներ, ծրագրերի իրականացման ճանապարհին`  վերելք ու վճռականություն, ձեր հայրենիքում ապրելու և արարելու մեծագույն բերկրանք:

Ձեր աշխատանքով ու ստեղծարար մտքով շենացրեք մեր երկիրն ու համայնքը,  ձեր ներկայությամբ  և նպատակասլաց աշխատանքով հզորացրեք մեր պետությունը: