Սևանի ուկրաինական մշակութային կենտրոնում «Արվեստի կերամիկա» խմբակի բացման առիթով հուլիսի 9–ին Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոն այցելեցին ՀՀ–ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, դեսպանատան աշխատակիցներ, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ ներկայացուցիչներ, Հայկական Կարմիր Խաչի կամավորական և երիտասարդական բաժնի ղեկավար Ռոզա Ստեփանյանը, Հայաստանում կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Ազամատ Բաելինովը, պատվիրակության կազմում էին նաև հայտնի ուկրաինացի երաժշտագետ, դաշնակահար և ուկրաինական երաժշտական մշակույթի դեսպան, դոկտոր Տարաս ֆիլենկոն և Հայաստանում ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա էր Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ հարցերի բաժնի պետ Նարինե Հարությունյանը։


Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնի երեխաների վարպետության դասերի համար Հայկական կարմիր խաչի և միջազգային Ֆեդերացիայի կողմից՝ Ուկրաինայի դեսպանատան նախաձեռնությամբ ձեռք բերված կավագործական սարքավորումներով և նյութերով կզբաղվեն Սևանում բնակվող ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ինչու չէ, նաև նրանց ծնողները՝ այցելելով Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոն, որը տեղակայված է Սևանի երաժշտական դպրոցի շենքում։



Ներկաները, ինչպես նաև Սևանի երաժշտական դպրոցի աշակերտները «Արվեստի կերամիկա» խմբակի բացման շրջանակներում ունկնդրեցին նաև դաշնամուրի վարպետության դաս և դաշնամուրային կատարումներ հայտնի ուկրաինացի երաժշտագետ, դաշնակահար և ուկրաինական երաժշտական մշակույթի դեսպան, դոկտոր Տարաս ֆիլենկոի կողմից։ Դոկտոր Տարաս Ֆիլենկոն ուկրաինական երաժշտության ոլորտի ճանաչված մասնագետ է, ավարտել է Կիևի Ազգային երաժշտական ակադեմիան, ունի պատմական երաժշտագիտության (1998) և էթնոերաժշտագիտության (Փիթսբուրգ, 1998) դոկտորի աստիճաններ։ Ավելի քան 40 տարի նա համատեղել է ակադեմիական, մանկավարժական և համերգային գործունեությունը որպես դաշնակահար և երաժշտագետ։ Վերջին տարիներին նա ակտիվորեն հանդես է գալիս իր երկրի աջակցությանն ուղղված բարեգործական համերգներով։ Տարաս Ֆիլենկոյի մշակութային և երաժշտական շրջագայությունը Հայաստանում կազմակերպել են Հայաստանի Հանրապետությունում` Ուկրաինայի դեսպանատունը, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան և Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնը։

