Սևան համայնքը ապակենտրոնացված համագործակցության ոլորտում արձանագրել է էական հաջողություններ, որոնցից հերթականն էլ փետրվարի 26-ին էր:
Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը և Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյին ստորագրեցին «Քույր քաղաքների մասին Հուշագիր»-ը։

Ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցում էր Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Համագործակցության Հուշագրի ստորագրմանը հաջորդել էին նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքում էլ իրողություն դարձավ ևս մեկ ապակենտրոնացված համագործակցություն:
Դեռևս ամիսներ առաջ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչեյնիի հանդիպման ընթացքում քննարկվել էին Սևան քաղաքի հետ համագործակցության հաստատման հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու քաղաքների աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները:

Բարձր գնահատելով համագործակցային հարաբերությունների հաստատումը, այն բոլոր ծրագրերի իրականացումը, որոնք միտված են ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, միմյանց ավելի լավ ճանաչելուն, ազգային շփումները խորացնելուն` Սևան համայնքը կատարված առաջարկն ընդունել էր մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ, որին էլ հաջորդեցին համագործակցության ուղղությունների մշակման աշխատանքները, հեռանկարային ոլորտների ուրվագծումը:
2025 թվականի փետրվարի 26-ին էլ Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում սկիզբ դրվեց մի նոր համագործակցության, ինչպես նաև բարեկամության, որն այլևս իրողություն է:

Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը Հուշագրի ստորագրման արարողակարգի ժամանակ ևս մեկ անգամ կաևորել է ապակենտրոնացված համագործակցության դերը՝ նշելով, որ 2024 թվականին մեկնարկած նախապատրաստական աշխատանքները, համագործակցության Հուշագրի մշակման գործընթացը հասել են տրամաբանական ավարտին, և այսօր ստորագրվող Հուշագիրը, որով ամրագրված են երկու քաղաքներում ապագայում կյանքի կոչվող ուղղությունները և նպատակները, նպաստելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեսանելի արդյունքների գրանցմանը:


«Որդեգրելով այս իրողությունը՝ Սևան և Բալատոնալմադի քաղաքների տեղական իշխանություններն այսօր բացելու են ապակենտրոնացված համագործակցության մի նոր էջ, որը խոստանում է լինել իրադարձություններով և ծրագրերով հագեցած, արդյունավետ և խոստումնալից։
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Բալատոնալմադի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին` հանձին քաղաքապետ Լասլո Բերչենյիին, Բալատոնալմադի հյուրընկալ բնակչությանը, Հունգարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին:
Վստահ եմ, որ այս համագործակցությունը և բարեկամությունը ձգվելու են` հաղթահարելով ժամանակ և տարածություն` ի նպաստ հայ և հունգարացի ժողովուրդների, Բալատոնալմադիի և Սևան համայնքի բնակիչների բարօրության»,- ասված է համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանի ողջույնի խոսքում:
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն էլ արարողության բացման խոսքում կարևորել է ՀՀ-ի և Հունգարիայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը և ստորագրված հուշագրի հիման վրա երկու քաղաքների բնակիչների միջև կապերի խորացումը։
Առաջիկայում սպասվում են կոնկրետ ծրագրեր և նախաձեռնություններ Հուշագրում ամրագրված ոլորտների կյանքի կոչման ուղղությամբ, իսկ մինչ այդ Սևան համայնքի ավագանին առաջիկա նիստում կվավերացնի Քույր քաղաքների մասին Հուշագիրը:
Սևան համայնքն ու Բալատոնալմադի քաղաքն այսուհետ կհամագործակցեն
- Համայնքային ծառայությունների տրամադրամն ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ կապված փորձի փոխանակման և համագործակցության առումով,
- Անհատների և համայնքային հաստատությունների միջև շփումների ակտիվացում, այդ թվում՝ մշակութային, սպորտային-երիտասարդական, զբոսաշրջային և կրթական ոլորտներում,
- Գործարար համաժողովների, ցուցահանդեսների, փառատոնների և այլ միջոցառուների կազմակերպման միջոցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տնտեսվարողների միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ,
- Շրջակա միջավայրի պաշտպանություն, թափոնների կառավարում, էկոլոգիապես մաքուր արդյունաբերության զարգացում, էներգաարդյունավետությա բարձրացում, կանաչապատ տարածքների ընդլայնում և պահպանություն ոլորտներում,
- Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման՝ այդ թվում ջրամատակարարման, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցերի բարելավման, քաղաքաշինության և ճարտարապետության, քաղաքային տրանսպորտի կառավարման և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ,
- Ոչ ֆորմալ կրթական և մշակութային հարթակների ստեղծում և երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացման ուղղություններով:
Բալատոնալմադին հայտնի առողջարանային քաղաք է Հունգարիայի Վեսպրեմ կոմսությունում, 8500 բնակչությամբ, որը գտնվում է Բալատոն լճի հյուսիսային ափին։ Բալատոնալմադի քաղաքը Հունգարիայում հայտնի զբոսաշրջային վայր է՝ շնորհիվ իր գրավիչ աշխարհագրական դիրքի: