Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ, որը յուրաքանչյուրիս համար նվիրական ու թանկ տոն է։
80 տարի է մեզ բաժանում մայիսիննյան նվիրական օրվանից, որը միավորում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի բերկրանքը, ազատ ապրելու իրավունքը, խաղաղության նվիրական գաղափարը:
Մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, հաղթանակը կերտելու ճանապարհին հայ ժողովրդի անուրանալի դերը ու այդ ճանապարհին կրկին վերահաստատում մեր հանձնառությունը խաղաղ ու անվտանգ հայրենիք, հզոր պետություն կերտելու գործում:
Տասնամյակների հեռվից ավելի են արժևորվում մեր պապերի գործած սխրանքները և հերոսացումը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ռազմի դաշտից մինչև թիկունք նույնն էին ցանկություններն ու նպատակները, և բաղձալի հաղթանակի օրն էլ վերահաստատեց մեր արժանապատիվ ու խաղաղ ապրելու իրավունքը:
Մեր պապերի նվաճած հաղթանակից 80 տարի անց էլ մեզ համար արդիական է խաղաղության համար ամենօրյա պայքարը, որը յուրաքանչյուրիս նպատակն է:
Թեև մեր բազմաբնակավայր համայնքի՝ Մեծ հայրենականի մասնակիցներից ոչ ոք այլևս ողջ չէ, սակայն նրանց գործած սխրանքն ու օրվա խորհուրդն այլևս սերունդներինն են, որոնց համար պապերի գործած սխրանքը ոչ միայն հպարտության, այլ նաև նոր հաղթանակներ կերտելու լավագույն ազդակ են:
Այդ հաղթանակով ոգեկոչված հայ ժողովրդի լավագույն զավակները անցյալ դարի 90-ականներին դարձան երկրապահ ու մահապարտ, ազատամարտիկ և հայոց նորօրյա բանակի առաջին զինվորներ` փառքով գրելով իրենց անունը հայ ժողովրդի պատմագրության մեջ ու նվիրական հաղթանակների հերոսամատյանում, որոնց սխրանքը շարունակվեց 2020թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայ ժողովրդի պատմության էջերը հարստացան մերօրյա հերոսների սխրանքներով:
Փառք նրանց, որոնք ընկան մարտի դաշտերում:
Մեր խոնարհումը՝ խաղաղություն նվաճած ու հերոսացած բոլոր ժամանակների հերոսներին:
Մայիսի 9-ին մեկ անգամ ևս գնահատելով և արժևորելով մեր հաղթանակները` վերահաստատում ենք հզոր հայրենիք ունենալու մեծագույն պահանջը, որը միաժամանակ ազդակ է` միավորել ջանքերը մարդկությանն սպառնացող վտանգների դեմ, խաղաղության օրակարգը դարձնելով գերակա:
Մեր համախմբման ու միասնականության շնորհիվ կարող ենք և պետք է կերտենք հզոր, կայացած ու ինքնաբավ երկիր. այդ էին երազում մեր բոլոր ժամանակների հերոսները, իսկ մենք պարտավոր ենք նրանց չիրականացած երազանքներն իրագործել:
Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է դառնանք մեր երկրի անվտանգության և հզորացման երաշխավորը:
Սևան համայնքի հարգելի բնակիչներ
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ:
Մեր ժողովրդի փառապանծ հաղթանակները դեռ գալու են, որոնց ականատեսն ու մասնակիցն ենք լինելու:
Լինենք հավատարիմ բոլոր ժամանակների հերոսների երազանքներին, շարունակենք նրանց գործը` առավել ամրացնելով խաղաղությունը, առավել հզորացնելով մեր երկիրը: Թող հաղթանակներ գրանցվեն մեր կյանքի բոլոր ոլորտներում, որի կարիքն ու անհրաժեշտությունը մեր հայրենիքն ու ժողովուրդը շատ ունեն, ամրապնդենք անվտանգությանն ուղղված մեր բոլոր ջանքերը` վերահաստատեով արժանապատիվ ապրելու մեր իրավունքը:
Խաղաղություն և բարօրություն` բոլորի ընտանիքներին, հզորացում և կայուն առաջընթաց՝ մեր պետությանը։