Մարտի 24-ին Սևանի բիզնես կենտրոնում անցկացվեց կամավորական աշխատանքի մասին տեղեկատվական հանդիպում նախապես մասնակցության ցանկություն հայտնած երիտասարդ կամավորների համար: Թեման նվիրված էր կամավորական աշխատանքներին և ընդհանուր կամավորության նշանակությանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալ ավելին կամավորության դերի, դրա ազդեցության և շահերի մասին ինչպես անհատական, այնպես էլ հասարակական մակարդակներում:

Անցկացվեց քննարկում, փորձառու կամավորների հետ հանդիպում, ինչպես նաև հետաքրքիր վարժանքներ՝ ուղղված կամավորական նախագծերի իրականացման հմտությունների զարգացմանը:
Քննարկման հիմնական թեմաներն էին կամավորության երևույթը և նշանակությունը, կամավոր աշխատանքի օրենքը, կամավորական փորձի կիրառման հնարավորությունները:

Տեղեկատվական հանդիպումը իրականացվեց «STRIVE» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: