Զովաբեր բնակավայրում մեկնարկել է «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի «Հարեհաս» կրթական ծրագիրը:

Ծրագիրը լավագույն հնարավորություն է մարզի համայնքների համար կրթության միջոցով կերտելու կայուն ապագա, բնակավայրերը դարձնելու կենսունակ և ինքնաբավ: «Հարեհաս» ծրագիրը 6 տարվա ռազմավարությամբ զարգացնելու է Գեղարքունիքի մարզի 88 բնակավայրերը ու կրթելու է 3520 կանանց։ Ծրագրի արդյունքում ստեղծվելու են 40 կրթական կենտրոն, որոնցից մեկն էլ գործելու է Զովաբեր բնակավայրում:

30 կին արդեն սկսել է իր կայուն ապագան կերտելու գործընթացը՝ հաղթահարելով առկա մարտահրավերները։  «Հարեհաս» կրթական ծրագրի նպատակն է կանանց դերը բարձրացնելով ծրագրի միջոցով նոր մշակույթ ձևավորել համայնքում:

Արդեն ծրագրի միջոցով վերանորոգված և կահավորված կրթական կենտրոնը նոր միջավայր է ձևավորել՝ համախմբելով Զովաբերի կանանց և աղջիկներին: Ծրագրի նախաձեռնողները փաստում են, որ արդյունքում ակնկալվում է մինչև 176 համայնքային նախագիծ, որոնք նախապես մշակվելու են մասնակիցների հետ: 

Ծրագրի ընթացքում 3520 կին կունենա անվճար կրթության հնարավորություն, այդ թվում՝ «Armenian Code Academy»-ում, իսկ մինչև 60%-ը՝ նաև աշխատանք: Այս խնդիրը լուծելու համար «ռեԱրմենիա» հարթակում ընթանում է «Հարեհաս» դրամահավաքի նախագիծը: Բազային դասընթացը տևելու է 3 ամիս և միավորելու է հետևյալ բաղադրիչները՝ հիմնական դասընթացներ՝ Նախագծի կառավարում, Անգլերեն, Արտ թերապիա, Ծնողավարություն: 2 շաբաթ տևողությամբ փուլային վերապատրաստում՝ Ֆինանսական գրագիտություն, Համակարգչային հմտություններ, Մեդիագրագիտություն, Հաշվապահություն, Մարդու իրավունքներ:

Սերտ համագործակցում են Սևանի համայնքապետարանի հետ: Ծրագիրը նախատեսում է նաև Զովաբերի մանկապարտեզի ջեռուցման համակարգի ներդրում, ինչպես նաև Զովաբերի դահլիճի ռեստավրացում: «Դէկավվա» հիմնադրամի «Հարեհաս» կրթական ծրագիրը միավորում է մասնակիցներին՝ «Միասին մենք ուժ ենք» կարգախոսով, որի շնորհիվ կարող է փոխվել բնակավայրերի ու համայնքների դիմագիծը։ Հաջորդ բնակավայրը, ուր կայցելի  «Հարեհաս» կրթական ծրագիրը, դա Գեղամավանն է լինելու: