Ավարտին է հասցվել 2024թ-ի ևս մեկ սուբվենցիոն ծրագիր: Բարելավվել և համալրվել է Սևան քաղաքի լուսավորության ցանցը:

2024 թվականի տարեվերջին մեկնարկել և արդեն վերջնագիծն է հատել «Սևան համայնքի Սևան քաղաքի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիրը, որի արդյունքում բարելավվել և ընդլայնվել է Սևան քաղաքի գիշերային լուսավորության ցանցը:

Աշխատանքների ընթացքում տեղադրվել է 261 հենասյուն և 290 լուսատու, որն ընդգրկել է մոտ 8000գծմ տարածք: Այս ծրագրով Սևան քաղաքի ևս 17 փողոց և 7 բակային տարածք արդեն ապահովված է ԼԷԴ  լուսավորությամբ, և արդեն գործում է ընդլայնված ցանցը, որը դարձել է իրողություն համայնք-պետություն հերթական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Այդ փողոցները կամ բակային տարածքներն են Գործարանային, Երիտասարդական, Ձկնորսների, Մհեր Մկրտչյան, Օրբելի 1-ին նրբ., Սայաթ-Նովա, Նալբանդյան 38, 41, 43 բակային հատված, Աբովյան, Րաֆֆի, Գործարանային 2/26,  Նաիրյան 180/1, Նաիրյան 8 և 64, Շիրազ, Ռուսական, Քրքորյան, Կարմիր Բանակի, Դեմիրճյան և Ս. Սևանեցի, Իսահակյան 1-ին նրբ., Փափազյան, Փափազյան 9/1, Կոմիսարների, Իսակովի փողոցները: Ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը 70.781.332 դրամ է, որից 28.312.533 դրամը՝ համայնքային ներդրում է, 42.468.799 դրամը համաֆինանսավորվել է պետական միջոցներից:

Իրականացված ծրագրի շրջանակներում լուծվել է քաղաքի համար առաջնահերթություն ներկայացնող ևս մեկ խնդիր՝ նպաստելով փողոցների և տարածքների անվտանգության, հարմարավետության  ապահովմանը: Հավելենք, որ այդ փողոցներում և բակային տարածքներում չի եղել լուսավորության ցանց կամ տասնամյակներ շարունակ ցանցը չի շահագործվել։