Հարգելի գրադարանավարներ,
Գրադարանային համակարգի ներկայացուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:
Արդեն 12 տարի հոկտեմբերի 7-ին նշում ենք Գրադարանավարի օրը՝ ևս մեկ անգամ արժևորելով գրադարանավարի աշխատանքը և գրադարանների դերը հասարակության կրթամշակութային կյանքում:
Գրադարանները եղել և մնում են մանկության ուղեկիցները, պատանեկության ու հասուն կյանքի բարեկամներն ու խորհրդատուները:
Ժամանակի ընթացքում փոխվել են գրադարանների ու գրադարանավարի գործի նկատմամբ պահանջներն ու մոտեցումները, սակայն գիրք ընթերցելու մշակույթը չի կորցրել իր գրավչությունն ու արժեքը, ավելին՝ վերջին տարիներին մեր լավագույն բարեկամներն ամրապնդում են իրենց դիրքերը՝ ստիպելով դեմքով շրջվել դեպի գրականությունը:
Կրթամշակութային գործընթացներում գրադարանավարի դերը եղել և մնում է անփոխարինելի, որոնք իրենց աշխատանքով գրքի զինանոցը պահում են միշտ պահանջված, իսկ գրադարանները՝ սպասված վայր:
Այսօրվա գրադարաններն էլ ոչ միայն գրքի տուն ու պահոց են, այլ առաջին հերթին կրթական կենտրոններ, մշակութային ինքնատիպ միջավայր ձևավորող հարթակ:
Սևան համայնքում գործող գրադարանները կատարել և կատարում են իրենց առաքելությունը, և հենց գրադարանավարների նվիրումի շնորհիվ է գրադարանը պահպանել իր լավագույն ավանդույթները՝ երբեք չփակելով դռները գրքասերների առաջ:
Սևան համայնքում իրենց գործի գիտակ, փորձառու մասնագետների պակաս չկա, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ գրադարանավարի մասնագիտությունը դարձրել են հարգանքի ու ակնածանքի արժանի: Փորձառու մասնագետների կողքին երիտասարդներն են՝ իրենց նորարար գաղափարներով ու հետաքրքիր ձեռնարկներով, որոնց շնորհիվ էլ մերօրյա գրադարանները դարձել են հանդիպումների ու քննարկումների, միջոցառումների ու ցուցադրությունների լավագույն միջավայր:
Սիրելի գրադարանավարներ
Դուք գրադարանային գործի լավագույն ավանդույթների պահպանողն ու փոխանցողն եք, ձեզանից շատերն իրենց կյանքի զգալի մասը նվիրել են գրադարանային գործին` կատարելով իրենց պատվաբեր առաքելությունը՝ տալով ամենակարևորը՝ սերը գրքի նկատմամբ:
Այսօր Սևան համայնքի գրադարանավարների գործունեությունը միավորվել է «Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շրջանակներում, որտեղ բանիմաց մասնագետների ու նվիրյալների պակաս չկա:
Մեր ժամանակներում, կարծում եմ, որ գիրքն ու գրականությունը պետք է օգնեն ու ուղղորդեն, որպեսզի մենք կարողանանք առավել լավ ճանաչել իրականությունը, մեր շուրջը տեղի ունեցող իրողությունները:
Հարգարժան գրադարանավարներ
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր նվիրյալ աշխատանքի համար: Առանձնակի շնորհակալություն ոլորտի վետերաններին, որոնց անխոնջ աշխատանքի շնորհիվ Սևան համայնքում գործող գրադարանները չփակեցին իրենց դռները ընթերցողների առաջ, մնացին սպասված ու հարազատ վայր տարբեր տարիքի գրքասերների համար:
Հարգելի գրադարանավարներ, գրադարանային գործի նվիրյալներ
Ընդունեք իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու շնորհավորանք-բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բարեկեցություն և առողջություն, լավատեսություն և երկարակեցություն, ապահով ու արժանապատիվ պայմաններում աշխատելու և արարելու հնարավորություն:
