ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սևան համայնքի հարգարժան բնակիչներ,

Մեր ընտանիքների սիրելի անդամներ

Շնորհավորում եմ  բոլորիս  Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, որը Հայաստանի Հանրապետության օրացույցում ամրագրվել է 2011 թվականից։

Ընտանիքի օրը ևս մեկ ազդակ է բարձրաձայնելու այն մասին, որ հասարակության այս փոքրիկ բայց կարևորագույն օղակով է պայմանավորված առողջ, ներդաշնակ և ինքնաբավ հասարակության ու պետության կայացումը:

Ընտանիքը հասարակության հիմնասյունն է, որտեղ ձևավորվում է վաղվա քաղաքացին, որտեղ կամրջվում է սերունդների ճանապարհը, որտեղ ձևավորվում է ծնողների և զավակների, ավագների և կրտսերների հոգևոր կապը։  

Ընտանիքների միջոցով և նրանց շնորհիվ է հասարակությունը դառնում ուժեղ, դիմակայուն, այն արժեհամակարգ է, որտեղ ձևավորվող սերը, հավատարմությունը, նվիրումն օգնում են լինել առավել նպատակասլաց և ինքնավստահ։
Անկախ հոգեբանական, սոցիալական, ֆիզիկական դժվարություններից` մեր ընտանիքները կարողացել են ինքնակազմակերպվել, դառնալ առավել համերաշխ ու հանդուրժող։

Ընտանիքը բարձրագույն արժեք է, որի կայացմամբ էլ արժևորվում է մեր իրականությունը՝ ազգային ավանդույթների պահպանումից մինչև նորօրյա արժեքների ամրագրում, փոխադարձ հարգանք, փոխըմբռնում և վստահություն:

Այս տոնական պահին առանձնահատուկ շնորհավորում եմ սևանցի նորաստեղծ ընտանիքներին, որոնք նոր շնչառություն և գույն են հաղորդելու մեր համայնքին իրենց ներկայությամբ։

Այս գեղեցիկ ու ջերմ տոնի առթիվ  շնորհավորում եմ մեր համայնքի բոլոր ընտանիքներին, իմ շնորհավորանք-բարեմաղթանքներին միանում են համայնքի ղեկավարի աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի ավագանու անդամները:

Գնահատենք այն, ինչը ծնվում է ընտանիքում, ինչը ընտանիքի շնորհիվ վերադառնում է հասարակություն:

Այսօր յուրաքանչյուր ընտանիք ունի առավել մեծ առաքելություն` իր կենսունակությամբ, ներդաշնակությամբ նպաստելու մեր համայնքի ու երկրի զարգացմանը` դառնալով ամուր հենարան, կրողը լավագույն արժեքների:

Ցանկանում եմ, որ մեր ընտանիքներն ապրեն խաղաղ ու անվտանգ պայմաններում, մաղթում եմ սեր և միություն, առողջություն ու երջանկություն, մեր ծնողներին և զավակներին՝ ընտանեկան ջերմություն, ներդաշնակ, բարեկեցիկ և ապահով կյանք։ 

Աստված պահապան բոլոր ընտանիքներին: