Սևան համայնքում օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Սևան համայնքն արդեն 5-րդ անգամ միացավ Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Այս տարի համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 21 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 2000 մարդ։

Սևան համայնքում Էներգիայի շաբաթվա թեմային համահունչ նախապատրաստվել և անցկացվել են հեծանվավազք, սպորտլանդիա, ինտերակտիվ պարապմունքներ, ցուցահանդեսներ, ֆիլմի դիտումներ, տեղեկատվական բուկլետի պատրաստում, Wiki-ակումբի հանդիպում, թափոններից հագուստի պատրաստում, նկարչական, լուսանկարչական, կարճ տեսանյութերի մրցույթներ և այլ միջոցառումներ։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակները, հիմնական գործողությունները։

Անդրադառնալով ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ՀՀ համայնքների մասնակցությանը՝ Արտեմ Խարազյանն արձանագրեց, որ այս տարի կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած համայնքների թիվն աճել է՝ հասնելով 15-ի, և իրականցված միջոցառումներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են։

Նա վստահեցրեց՝ կայուն էներգիայի շաբաթվան մասնակցությունն օգնում է ավելի էներգախնայող վարքագիծ դրսևորել՝ այդպիսով փրկելով շրջակա միջավայրն ու մոլորակը։
Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց․ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում համայնքում անցկացվող միջոցառումները տարեցտարի բարելավվում են և′ քանական, և′ որակական առումով»։
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ Սևանում կայուն էներգիայի շաբաթվան ակտիվ մասնակցության և տարբեր մրցույթներում հաղթելու կապակցությամբ պարգևատրվել են Սոնա Բադալյանը, Լիլիթ Ղարիբյանը, Լաուրա Թովմասյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Անահիտ Մարտիրոսյանը, Նելլի Մելոյանը, Էլեն Ղազարյանը, Լուսաբեր Միքայելյանը, Հերմինե Անդրիկյանը, Շողիկ Ստեփանյանը և Մարիաննա Մկրտչյանը։