Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Լևոն Լևոնյանը և Գեղարքունիքի տարածքային բաժին պետ Արտուշ Ղուկասյանը մարզային հանդիպումների շրջանակում հուլիսի 4-ին այցելեցին Սևան համայնք, որտեղ հանդիպում ունեցան բնակիչների, ավագանու անդամների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։


Այցի հիմնական նպատակն էր վերհանել տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, գնահատել դրանց ազդեցությունը համայնքային կյանքի ու բնական ռեսուրսների վրա, ինչպես նաև համատեղ գտնել տեղի բնակիչների համար առավել նպաստավոր լուծումներ ՝ հաշվի առնելով հատկապես, որ Գեղարքունիքի մարզում է գտնվում «Սևան» ազգային պարկը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ապօրինի ծառահատումների, հողագրունտի հանույթի օգտագործման և տեղափոխման, ջրօգտագործման թույլտվությունների ձեռքբերման, հողերի նշանակության և նպատակային օգտագործման, աղբավայրերի շահագործման, թափոնաջրերով գետերի աղտոտման վերաբերյալ հարցեր։

Առանձնակի կարևորվել է համայնքային խնդիրների և կարիքների խորքային ուսումնասիրությունը, որը դիտարկվել է որպես բնակիչների ու ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցության ամրապնդման հիմնարար պայման։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարական աշխատանքների, փոշու արտանետումների նվազեցման, ջրային ու հողային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ապօրինի որսի և ձկնորսության դեպքերի կանխարգելման, աղբավայրերի այրման, սեզոնային հրդեհների չեզոքացմանն ուղղված հարցեր։ Ընդգծվել է տեսչական մարմնի, ՏԻՄ-երի, ավագանու անդամների, բնակչության հետ անմիջական շփումների միջոցով խնդիրների լուծման նպատակով արագ արձագանքման մեխանիզմների ձևավորման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներում ևս։