«Առաքս» ֆուտբոլային ակումբի հիմնադրման առթիվ Լճաշենում անցկացվեցին ընկերական հանդիպումներ։

Տեղի ունեցավ նորաստեղծ Սևանի «Առաքս» ֆուտբոլային ակումբի առաջնախաղը։

Հունիսի 22–ին «Առաքս» ֆուտբոլային ակումբի հիմնադրման առթիվ Լճաշենի ֆուտբոլի մարզադաշտում ընկերական հանդիպումներ անցկացվեցին Սևանի նորաստեղծ  «Առաքս», Սևանի մանկապատանեկան մարզադպրոցի «Սևան», Հրազդանի «Աղբյուրակ» և «Ախթալա» ֆուտբոլային ակումբների միջև։

«Առաքս» ֆուտբոլային ակումբը նոր է հիմնադրվել։ Թիմը նպատակ ունի հանդես գալ Հայաստանի առաջնություններում, Սևանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, խրախուսել առողջ ապրելակերպը և պատանիների շրջանում բացահայտել լավ ֆուտբոլիստների՝ հետագայում նրանց ուղղորդելով ավելի մեծ բարձունքների։

Բացի ակումբի հիմնադիր Արթուր Կարապետյանից, «Առաքս» ֆուտբոլային ակումբի ստեղծման ակունքներում է կանգնած նաև Մարտիկ Կարապետյանը, ով ապրում է ՌԴ–ում։ Նորաստեղծ թիմին աջակցում են նաև բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ «Առաքս» ֆուտբոլային ակումբի ավագ մարզիչն է Միքաել Բաբաջանյանը, մարզիչն է Կարեն Կարապետյանը, դարպասապահների մարզիչն է  Արտյոմ Կարապետյան։

Նորաստեղծ  «Առաքս» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Աղաբեկ Դավթյանի խոսքով՝ անելու են ամենը, որպեսզի գյուղական բնակավայրերի պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնեն ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ։

Վերջին օրերին ակումբը որոշ բարեկարգումներ է իրականացրել Լճաշենի մարզադաշտում։

«Առաքս»–ը սկզմնական շրջանում մարզումները կանցկացնի Լճաշենի մարզադաշտում, որտեղ էլ կայացան առաջին ընկերական հանդիպումները։ Մինչև խաղերի մեկնարկը հնչեց ՀՀ հիմնը և բարձրացվեց ՀՀ պետական դրոշն ու «Առաքս» ֆուտբոլային ակումբի դրոշը՝ ազդարարելով խաղերի մեկնարկը։

Չորս թիմերի ընկերական հանդիպումներից հետո թիմերը, լավագույն խաղացողներն ու մարզիչները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և հուշանվերներով։